Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթը չեղարկելու մասին որոշումը կայացրել է Georgian Airways-ը՝ ինքնուրույն։ Այս մասին ասվում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության հայտարարության մեջ։

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների բացակայության դեպքում Georgian Airways-ը հունվարի 28-ին Թբիլիսիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթ իրականացնելու թույլտվություն էր ստացել։ Բոլոր ավիատոմսերը վաճառված էին, բայց այսօր ուղիղ չվերթը չի իրականացվել։ Ավիաչվերթն իրականացվել է Երևանով միջանկյալ վայրէջքի եղանակով։ Ավելին, եթե հավատանք Թբիլիսիի և Երևանի օդանավակայանների չվերթների և վայրէջքների ժամանակացույցին, ապա Georgian Airways-ի ինքնաթիռը Թբիլիսիից մեկնել է Երևան, բայց Երևանում արդեն վայրէջք է կատարել Armenia Aircompany ավիաընկերության ինքնաթիռը, որն այնուհետև թռել է Մոսկվա։

«Georgian Airways-ի Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղիով 2022 թվականի հունվարի 28-ին չարտերային չվերթ իրականացնելու թույլտվությունը տրվել էր Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից և այն չի չեղարկվել։ Այս ավիաչվերթը չեղարկելու որոշումը կայացրել է հենց ավիաընկերությունը՝ ինքնակամ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանը 2019 թվականի ամռանն արգելել էր ուղիղ ավիաչվերթները դեպի Վրաստան՝ ի պատասխան Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Վրաստան ժամանման հետ կապված զանգվածային բողոքի ակցիային։

Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն նշել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման պայմանները՝ սա Վրաստանում իրավիճակի կայունացումն է, ռուսաֆոբ արշավի դադարեցումը և ՌԴ քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացումն է։

Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է վերսկսել ավիաթռիչքները։ Նա նշել է, որ Վրաստանում ռուսներին ոչինչ չի սպառնում, և հարցի լուծումը կախված է Մոսկվայի դիրքորոշումից, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից։