Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարան կմտնի: Համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի նիստում:
Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հրաժարվում է միանալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի առաջարկած համաձայնագրին:
Ըստ «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի` համաձայնագրի կետերից մեկը կուսակցության համար կտրականապես անընդունելի է: Վերջինս չի մանրամասնել` որ կետն է քննարկվել:
Ինչ վերաբերում է խորհրդարան մտնելու հարցին, ապա, ըստ Մելիայի, սա ամենաճիշտ որոշումն է, որ կուսակցությունը կարող էր ընդունել: Նա գտնում է, որ իշխող կուսակցությունը «չպետք է որևէ տեղ հարմարավետության գոտի ունենա` ներառյալ խորհրդարանում»:
«Մենք պայքարելու ենք նրանց հետ` ամենուր, լինի դա խորհրդարանական նիստերի դահլիճ, հանձնաժողովի դահլիճներ, հրապարակներ, փողոցներ, գյուղում, տարածաշրջանում, լեռներում, ձորերում, ամենուր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմություն կունենա», — ասել է Մելիան: