Այսօր, ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց, ի աջակցություն մարդու իրավունքների պաշտպան Վիտալի Սաֆարովի ընտանիքի իրավապաշտպան կազմակերպությունները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել:
25-ամյա իրավապաշտպան Վիտալի Սաֆարովին սպանել են 2018 թվականի սեպտեմբերի 30-ին, այն պատճառով, որ Վրաստան ժամանած հյուրերի հետ նա խոսել է ռուսերեն լեզվով։ Դատարանի դիմաց խաղաղ ցույցի մասնակիցներն այն կազմակերպությունների անդամներն են, որտեղ աշխատում էր Սաֆարովը։
Խաղաղ ցույցին մասնակցում էր նաև Սաֆարովի մայրը: Նա դատարանից արդար դատավարություն է ակնկալում, որպեսզի երկրում համերաշխություն լինի:
«Մենք արդեն 6․5 ամիս է ինչ սպասում ենք այսօրվա դատական գործընթացին: Մեր պահանջով 3 հանցագործներից 2-ը դատապարտվում են 109-րդ հոդվածով, իսկ երրորդը՝ ով մասնակցել է սպանությանը դեռևս վկայի դերում է, բայց նա նույնպես մասնակից է: Այսօրվա ակցիայի նպատակն է՝ հետևել, որ դատավարությունը ճիշտ ուղով ընթանա»,- նշեց Սաֆարովի մայրը:
«Վրաստանը բազմազգ պետություն է և չի կարելի մարդկանց սպանել նրա համար, որ նրանք տարբեր ազգություն ունեն: Ովքեր իրագործել են այս սպանությունը, երիտասարդներ են՝ 17-19 տարեկան տղաներ, ովքեր «հիմար» գաղափարախոսությամբ են մեծանում և «մաքրում» Վրաստանն ու՞մից, ես չգիտեմ ուզում են մաքրել Վրաստանը բոլոր մնացած ազգությունների՞ց։ Նրանց պատիժը մնացածի համար պետք է օրինակ լինի որպեսզի ոչ ոք չհամարձակվի ձեռք բարձրացնել», – ասաց Վիտալի Սաֆարովի մայրը՝ Մարինա Ալանակյանը։
Ցույցի մասնակիցները, Սաֆարովի ընկերներն ու ծանոթներն ունեն նաև մեկ այլ նպատակ՝ հիշեցնել հասարակությանը, որ «այս խնդիրը Վրաստանում շատ մեծ է»։
«Մեր այսօրվա հավաքի անվանումն է «Վրաստանն առանց ատելության» և այս դատական պրոցեսով մենք կկարողանանք տեսնել, թե հնարավոր է, արդյո՞ք Վրաստանում ատելություն չլինի և տարբեր ծագում ունեցող մարդիկ կարողանան խաղաղ միասին ապրել», – ասում է Վիտալի Սաֆարովի ընկեր, «Արձագանք» պլատֆորմի ղեկավար Գիորգի Թումասյանը։
Քաղաքային դատարանը մարդու իրավունքների պաշտպան Վիտալի Սաֆարովի սպանության գործի քննարկումն սկսում է այսօրվանից։ Էթնիկ հիմքի վրա գործած սպանության մեղադրանքով 2 անձ է ձերբակալված։
Հիշեցնենք, որ Վիտալի Սաֆարովը սպանվել է Թբիլիսիի կենտրոնում՝ սեպտեմբերի 30-ին առավոտյան 5-ին: Մինչ այդ նա ընկերների հետ սրճարանում է եղել, որտեղ վեճ է սկսվել: Այն շարունակվել է փողոցում: Մահացու հարվածներ են Սաֆարովին հասցվել դանակով: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները նրան մահացած են գտել:
Վիտալի Սաֆարովն աշխատում էր «Ներգրավվածության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունում: Մի քանի տարի շարունակ նա ակտիվորեն ներգրավված է եղել դեռահասների համար հանդուրժողականության ճամբարների կազմակերպման գործում, ինչպես նաև ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ այլ նախագծերում:
Ռիմա Մառանգոզյան