Մայիսի 29-ին Ախալքալաքի Կրթամշակութային երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-ամյակին:
Միջոցառումը սկսվեց Վրաստանի և Հայաստանի հանրապետության ազգային օրհներգերով: Այնուհետև 1 րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման մասին պատմական ակնարկով: Հնչեցին հայրենիքին նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական ու ռազմի երգեր, կատարեցին բազմաթիվ պարային համարներ, ինչպես նաև ելույթ ունեցավ երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան։
«Այսօր մեր տրամադրությունը տոնական չէր բայց՝ չնշել, չդաստիարակել երեխաներին այն ոգեկոչման տոնով, որ մենք ունեցել ենք 1918 թվականի մայիսի 28-ին, աններելի է», – ասում է ԱԵԿ-ի տնօրեն Կարինե Թադևոսյանը:
Միջոցառման ամբողջ ընթացքում ներկաները ձայնակցում էին, իսկ երգի խմբակի պատասխանատու Նազիկ Հակոբյանը դաշնամուրի գեղեցիկ կատարմամբ էլ ավելի էր գեղեցկացնում միջոցառումը:
Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառմանը ներկա էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, Նինոծմինդայի և Ախալքալաքի Երիտասարդական կենտրոններ մանկավաժեր, սաներ և այլոք։
Այս օրը հայերի համար ազգային վերածննդի օր է, որովհետև Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Եվ հենց 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Մայիսյան հաղթանակներն այն գործիքներն էին, որոնք մեր ազգի համար ստեղծեցին այն վստահությունը, որ մենք ինքնուրույն կարող ենք ձեռքբերումներ ունենալ։ Դրանցից ամենամեծը, թերևս, պետականությունն է, որը մենք հաջողությամբ պսակել ենք 1918 թվականի մայիսյան հաղթանակների և դրանց հաջորդող անկախության շնորհիվ։