Վրաստանում 50 դպրոց և 131 առանձին դասարաններ մնում են հեռավար ուսուցման ռեժիմում: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Դպրոցականները հեռավար ուսուցման են անցնում ծնողների խնդրանքով կամ դպրոցում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվելուց հետո: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կան շուրջ 2,3 հազար պետական և մասնավոր դպրոցներ:
«Դասապրոցեսի ավարտից երկու շաբաթ առաջ Վրաստանի դպրոցներում վարակի տարածումը նվազել է», – հաղորդել են գերատեսչությունից:
Մասնավորապես, մայիսի 22-ից 28-ը Covid-19-ը հաստատվել է դպրոցականների 0,04%-ի մոտ: Ինչ վերաբերում է դպրոցների ուսուցիչներին և վարչական անձնակազմին, որոնք պարբերաբար անցնում են պարտադիր թեստավորում, այստեղ հիվանդության դեպքերը կազմել են 0,2%:
Ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների թիվը, ովքեր ցանկություն են հայտնել հեռավար աշխատել՝ այս փուլում կազմում է 129:
Դպրոցականների կամ ուսուցիչների մոտ Covid-19-ի հաստատման դեպքում ուսումնական հաստատությունները կշարունակեն կիրառել կետային սահմանափակումները՝ կա՛մ ամբողջ դպրոցը, կա՛մ կոնկրետ դասարանը կանցնի հեռավար ուսուցման ռեժիմի:
Կրթության նախարարությունը նշում է, որ 2020-2021 ուսումնական տարին դասասենյակներում ավարտելը Վրաստանի պետական և մասնավոր դպրոցների հիմնական գերակայություններից մեկն է: