Նոր ուսումնական տարվան ընդառաջ Թբիլիսիի պետական համալսարանում խառնաշփոթ է առաջանում կապված առարկաների ընտրության հետ: Ուսանողների մեծ մասը օնլայն համակարգով առարկաների ընտրության ժամանակ բախվում է մի շարք խնդիրների հետ։
ԹՊՀ-ում բակալավրի աստիճանում սովորող ուսանողները 4 տարիների ընթացքում պետք է հանձնեն 240 կրեդիտ-բալ, ինչը նշանակում է ամեն կիսամյակի ուսանողը պետք է փակի 30-35 կրեդիտ՝ 6-7 առարկա։ Թբիլիսիի պետական համալսարանում ուսանողներն իրենք են ընտրում այն առարկաները, որոնք պետք է սովորեն տվյալ ուսումնական տարում։ Այստեղ գործում են պարտադիր և ընտրովի առարկաներ։ Պարտադիր առարկաները մասնագիտացման համար նախատեսված առարկաներն են, որոնք տվյալ տարում չանցնելու դեպքում հաջորդ տարի ուսանողը կարող է խնդիրներ ունենա։
Եվ այսպես ԹՊՀ-ում գոյություն ունի պորտալ, որտեղից նշված օրը, նշված ժամին ուսանողը պարտավոր է ընտրել իր կողմից ցանկալի առարկաների ցանկը, ինչը շատերը չեն հասցնում յուրաքանչուր դասախոսի մոտ ուսանողների սահմանափակ քանակի պատճառով։ Մի կուրսում, որտեղ ավելի քան 100 ուսանող են սովորում, պարտադիր առարկայի համար հատկացվել էր ընդամենը 25 տեղ՝ 25 ուսանող իրավունք են ստացել ընտրել տվյալ առարկան։ Ամեն դեպքում 75 ուսանող ուղղակի հնարավորություն չունեն սովորել այն առարկան, որը համալսարանի կողմից սահմանված է, որպես պարտադիր: Այսինքն նույն առարկան մի կուրսի տարբեր ուսանողներ սովորելու են տարբեր ժամանակահատվածում:
Համակարգը, որը նորացվել էր անցած կիսամյակի սկզբին, քանի որ նախկինի հետ խնդիրներ էին առաջացել, պարզվում է կրկին խնդրահարույց է։
«Արդյունքում բոլորս նույն դիպլոմն ենք ստանում, բայց տարբեր գիտելիքներով։ Մեր կուրսում մոտ 120 ուսանող են, ոմանց նույնիսկ չեմ ճանաչում, քանի որ ոչ մի առարկայի ժամանակ չեմ հանդիպել», – ասում է ԹՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհին, հավելելով, որ չի հասցրել պարտադիր առարկաներից բոլորին գրանցվել: Նրա համակուրսեցիներից եզակի երջանիկներն են կարողացել բոլոր առարկաների համար միասին գրանցվել։
Մեր հաջորդ հերոսուհին, ով սովորում է ԹՊՀ-ի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետում, պատմում է, որ ամեն տարի ուսման վարձը վճարում էր առարկաներն ընտրելուց հետո, և 6 կիսամյակների ընթացքում խնդիր չի առաջացել։ Այս անգամ որոշել է նույն կերպ վարվել և բազան, որտեղից ընտրում են առարկաներն, ընդհանրապես չի բացվել։ Նինոն ստիպված եղավ մնալ ընտրովի առարկաների հույսին, քանի որ մինչև պարզվել է, թե ինչումն էր խնդիրը, այլևս տեղ չէր մնացել ոչ մի առարկայի ընտրացանկում։
«Այն բանի փոխարեն, որ համակարգը բարելավվի և ուսանողներին աջակցեն համալսարանական կյանքին, հակառակը ավելի շատ խոչընդոտներ են ստեղծում։ Երեք տարի է ԹՊՀ-ում եմ ու հույս ունեմ, որ համակարգը կբարելավվի և մի քիչ գոնե մեր մասին կհոգան, բայց փոխարենը հետընթաց է տեղի ունենում։ Պարտադիր առարկաները, որոնք պետք է անցնեմ, չկարողացա ընտրել միայն այն պատճառով, որ համակարգը չթողեց գրանցման ու հիմա պետք է սպասեմ չորրորդ կուրսին, որ անցնեմ այդ առարկաները», – ասում է ԹՊՀ-ի ուսանողը։
ԹՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի ուսանողը կիսում է մնացած ուսանողների բողոքը, ավելացնելով նաև, որ համակարգից բացի համալսարանը ստանդարտ կերպով չի աշխատում։
«Քննությունը հանձնելուց հետո նվազագույնը 15, իսկ սովորաբար 20-25 օր սպասում ենք պատասխանի, Աստված գիտի հանձնել ենք, թե՝ ոչ, իսկ եթե հանկարծ նվազագույն միավոր հավաքած չեղանք ստիպված ենք մեկ երկու օրից վերահանձնել։ Արդյունքում ժամանակ չի մնում նախապատրաստվելու, եթե նման դեպք պատահի», – ասում է ապագա իրավաբանը։
Jnews-ին իր բողոքը հայտնող հաջորդ ուսանողուհին առաջին կուրսի նախաշեմին է գտնվում, ցանկացավ անանուն խոսել և այս բառերով սկսեց իր խոսքը. «Թե ոնց են վերաբերվում ԹՊՀ-ի աշխատողները ուսանողներին»։
Նրա խոսքով, համալսարանի գլխավոր մասնաշենքում աշխատողները շատ կոպիտ են վերաբերվում ուսանողների հետ, շատ հաճախ չեն պատասխանում նրանց կողմից տրվող հարցերին, կամ էլ ուղարկում են մեկ այլ աշխատակցի մոտ։
«Նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո պետք է սերտիֆիկատ վերցնենք, որ գրանցվենք առաջին կուրսի համար։ Ըստ համալսարանի՝ այն կարող ենք ստանալ սեպտեմբերի 2-9 ընկած ժամանակահատվածում, գնում ենք 2-ին, ասում են, որ հետաձգել են և հաջորդ շաբաթվա մեջ նոր պատրաստ կլինի, գնում ենք հաջորդ շաբաթ էլի նույն բանն են ասում: Մի փաստաթղթի համար երկու անգամ գնացել եմ Թբիլիսի ու հետ վերադարձել Ջավախք»:
Ուսանողուհին ավելացնում է, որ գլխավոր մասնաշենքում նաև տեղյակ չեն, թե ինչպես պետք է վարվեն 4+1 ծրագրի շրջանավարտների հետ և ինչ փաստաթղթեր են նրանց անհրաժեշտ։
Սեպտեմբերի 16-ին ԹՊՀ-ում մեկնարկեց նոր ուսումնական տարին, սակայն ուսանողներից շատերը դեռ չեն հասցրել նույնիսկ առարկաներ ընտրել։
Թբիլիսիի պետական համալսարանը պարբերաբար աշխատում է նորագույն համակարգի բարելավման ուղղությամբ, սակայն դրական փոփոխություն գրեթե չի նկատվում և բողոքներն ուսանողների կողմից միայն ավելանում են։