Կորոնավիրուսային համավարակի և երկիր ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման պայմաններում Վրաստանում տնտեսության վերականգնման հնարավորություններն այսօր քննարկվել են Ներդրողների խորհրդի նիստում։ Այս մասին հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Ներդրողների խորհրդի 15-րդ նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, որին մասնակցում էին բիզնես ասոցիացիաների և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում ներդրումային միջավայրի բարելավման խնդիրները, կոնկրետ քայլերն ու տնտեսական մարտահրավերները լուծելու հետագա ծրագրերը:
Վրաստանի տնտեսությունը շարունակում է վերապրել COVID-19-ի սարսափելի հետևանքները, որոնք ազդել են բացարձակապես բոլոր ոլորտների վրա: Տնտեսական անկման տեմպը աճել էր կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ` հանգեցնելով 2020 թվականին ՀՆԱ-ի 6,2% անկման: Այս պահին, չնայած սահմանափակումների մեղմացմանը և բիզնեսին խթանելու իրականացվող ծրագրերին, իրավիճակը շարունակում է մնալ ծանր:
Նիստը բացել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Քննարկվել է կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը և Կովկասում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը դիմել են Ներդրողների խորհրդի անդամներին: Վրաստանի վարչապետի օտարերկրյա ներդրումների գծով հատուկ խորհրդական Վազիլ Գուդակը, ով առաջին անգամ էր մասնակցում հանդիպմանը, նշել է, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքները կշարունակվեն:
Վրաստանի կառավարությունը և ՎԶԵԲ-ը 2015-ի մայիսին Ներդրողների խորհրդի ստեղծման մասին հուշագիր էին ստորագրել: Խորհուրդը, որը գլխավորում է երկրի վարչապետը, աշխատում է դեպի Վրաստան ներդրումներ ներգրավելու և բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ: Խորհրդի լազմում ընդգրկված են՝ վրացական և օտարերկրյա բիզնես ասոցիացիաներ, բիզնես օմբուդսմեններ և մասնավոր հատվածի զարգացման ոլորտում միջազգային դոնոր կազմակերպություններ:
ՎԶԵԲ-ը Վրաստանի համար ամենամեծ ներդրողն է: Այն կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության վերականգնման գործում: Մինչ օրս Վրաստանում 4 միլիարդ եվրո է ներդրվել ավելի քան 250 նախագծերում, այդ թվում՝ 87%-ը մասնավոր հատվածում:
Վրաստանում 2020 թ.-ին ՎԶԵԲ-ը ընդհանուր առմամբ 630 մլն. եվրո է ներդրել 16 նախագծերում, ինչը երկու անգամ ավել է նախորդ տարվա ներդրված գումարի չափից: Բանկը տրամադրել է արտակարգ իրացվելիություն և շրջանառվող կապիտալ` մասնավոր հատվածի կենսունակ ընկերություններին աջակցելու համար: