Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գտնում է, որ Ուկրաինայի հետ կապված հարցերը քննարկելիս կառավարությունը պետք է քաջություն դրսևորի, մինչդեռ ընդդիմությունը պետք է շատ զգույշ լինի։ Այդ մասին երկրի ղեկավարը հայտարարել է այսօր Վրաստանի խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելիս։
«Ես համաձայն եմ երկուսի հետ էլ: Իշխանությունների հետ, որ որոշակի զգուշավորություն է պետք, իսկ ընդդիմության մոտ՝ որոշակի խիզախություն հնարավոր է։ Ուստի ես չեմ շոշափում և չեմ անդրադառնա կառավարության առանձին հայտարարություններին և գնահատական կտամ գործողություններին, որոնք վերաբերում են ուկրաինական պատերազմին և մեր անվտանգությանը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Միաժամանակ նախագահը կարծում է, որ որոշումների ընդունումը պետք է տեղի ունենա բոլոր կողմերի մասնակցությամբ՝ փակ քննարկումների արդյունքում։
«Հետո բոլորը պետք է պատասխանատվություն կրեն կայացված որոշումների համար»,- ընդգծել է նա։
«Այդ պատճառով ես չեմ միջամտում և չեմ միջամտի այն անձանց գործողություններին, ովքեր միտումնավոր շահարկում են և փորձում են դժգոհություն, թյուրիմացություն սերմանել և հրահրել երկու բարեկամ երկրների միջև», – ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել է, որ իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Այս որոշմամբ նա արժանացավ ընդդիմության քննադատությանը, որը պահանջում էր նրա հրաժարականը։
Ավելի ուշ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հակառակորդները ցանկանում են Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ և կրկնել 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները։