Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պատվաստվել է, և անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Այսօր, բացի Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերից, Sinopharm չինական պատվաստանյութով պատվաստվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը ևս: Նա նախապես գրանցվել էր:
«Չգիտեմ, վերլուծեցինք և հասկացանք, որ Sinopharm-ի նկատմամբ ավելի շատ վստահություն կա, ուստի մենք ընտրեցինք այս պատվաստանյութը: Sinopharm-ն առաջարկել էր նաև մեր շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին: Այս պահին ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ դեռևս լավ է», – Jnews-ի հետ զրույցում ասել է Նաիրի Իրիցյանը:
Պատվաստման գործընթացը սկսել է թափ հավաքել: Սկսած այն պահից, երբ պատվաստանյութերը հայտնվեցին Վրաստանում, պատվաստվածների ամենափոքր քանակը Սամցխե-Ջավախքում է: Համեմատաբար վերջերս, չինական Sinopharm պատվաստանյութի հայտնվելու հետ մեկտեղ շրջանում ավելի շատ մարդիկ են պատվաստվում: