Շենքը կորցնելու մշտական սպառնալիք, մինիմալ աշխատակազմ, հեռարձակման տեխնիկական հնարավորությունների հետ կապված խնդիրներ, սուղ ֆինանսներ… Ախալքալաքի ATV12 հեռուստատեսությունն ամեն օր պայքարում է նման խնդիրների դեմ։

Այսօր՝ մարտի 21-ին, Վրաստանը նշում է վրացական լրագրության օրը, բազմաթիվ տարածաշրջանային հեռուստաալիքներ գոյատևում են՝ բախվելով բազմաթիվ խնդիրների։ Ախալքալաքի ATV-12 հեռուստատեսությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ժամանակ «Ինտերնյուզ Վրաստանը» օգնեց ստեղծել հեռուստաալիքը: Եթե սկզբում հեռուստաընկերությունը զարգանում էր, դոնորներն օգնում էին ֆինանսավորման հարցում, ապա աստիճանաբար դոնորներից մարզային լրատվամիջոցներին ֆինանսավորումը գնալով պակասում էր և ի վերջո այն դադարեց։ Հեռուստատեսությունն այս պահին ֆինանսավորվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից և տարեկան ստանում է 45 000 լարի։ Հեռուստատեսությունը գտնվում է մունիցիպալ շենքերից մեկում, որը մի օր ստիպված են լինելու ազատել, քանի որ, ըստ չճշտված տեղեկությունների, տեղի իշխանությունները պատրաստվում են քանդել այս շենքը։

«Մասնագետների հետ կապված խնդիրներ ունենք, որակավորված լրագրողների չենք կարողանում գտնել: Մենք սեփական տարածք չունենք, մեր շենքը քանդելու են ու դեռ չգիտենք՝ ուր ենք գնալու: Նախկինում մեզ ֆինանսավորում էին դոնորները, բայց երկար ժամանակ է, ինչ ֆինանսավորում չենք ստացնում, իսկ սեփական եկամուտներ մենք քիչ ունենք: Մեր ծախսերը չենք կարողանում փակել, շատ քիչ գումարով ենք աշխատում»,- ասում է ATV-12-ի տնօրեն Վալիկ Քթոյանը։

Հեռուստատեսությունում աշխատում է 7 հոգի, ընդամենը երկու լրագրող, հեռուստատեսությունը չի կարողանում որակավորված լրագրողների գտնել։ ATV12-ը հրապարակում է օրական մեկ լրատվական բլոկ: Հեռուստատեսային նյութերի մեծ մասը դիտվում է Youtube-ում, Վրաստանում հեռարձակման թվայնացումից հետո տեղացիները կարող են ալիքը ստանալ տնային ալեհավաքի միջոցով, որը հիմնականում չեն օգտագործում։ Վալիկ Քթոյանի խոսքով, կան մարդիկ, ովքեր դիտում են ալիքը հեռուստատեսությամբ: