Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է տենդեր՝ երկու ենթակառուցվածքային աշխատանքների համար:

Կհիմնանորոգվի նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը և Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական այգին: Այս աշխատանքների համար միջոցները հատկացվել են տեղական բյուջեից:

Այս տարի կհիմնանորոգվի նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 172 000 լարի: Կամրջի փայտե ծածկը կփոխարինվի երկաթե ծածկով:

Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամրջի փայտե ծածկը կփոխարինվի երկաթե ծածկով, և անհրաժեշտության դեպքում կկատարվեն տարատեսակ նորոգման աշխատանքներ: Այս աշխատանքների տենդերն արդեն հայտարարված է՝ 171 610 լարիի չափով:

Նշենք, որ այս կամուրջը միակ հետիոտնային ճանապարհն է, որը կապում է քաղաքը Ջիվանու թաղամասի եւ նախկին №1 զինվորական ավանի հետ: Վերջին անգամ կամուրջը հիմնովին վերանորոգվել է մոտ 10 տարի առաջ, իսկ դրանից հետո մի քանի անգամ իրականացվել է առանձին անցատախտակների մասնակի վերանորոգում: Այսօր կամուրջը կրկին վտանգավոր է տեղաշարժման համար: Փայտե կամրջի երկարությունը մոտ 200 մետր է:

Այս տարի կբարեկարգվի նաև Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական այգին: Տենդերը հայտարարվել է 315 340 լարիի չափով:

Մրցութային փաստաթղթերի համաձայն, տենդերը շահած ընկերությունը պետք է աշխատանքն ավարտի պայմանագիրը կնքելուց հետո 90 օրվա ընթացքում: Նախագիծը ենթադրում է գոյություն ունեցող շատրվանի ապամոնտաժումը և դրա փոխարեն նոր շատրվանի տեղադրումը: Շատրվանի շուրջ կտեղադրվեն նստարաններ, կտեղադրվեն նաև վարժասարքեր, այգու հրապարակներն ու արահետները կբարեկարգվեն: Նախատեսվում է ընդլայնել նաեւ այգու մուտքի դուռը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Խաս Բախչա քաղաքային զբոսայգին վերանորոգվել էր 2015 թվականին: Այդ ժամանակ տեղական բյուջեից 115 000 լարի էր հատկացվել: Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգին 140 տարեկան է, այն հիմնել է Ստեփանոս Անանիկյանը:

Նշենք, որ վերը նշված երկու նախագծերն էլ ամբողջությամբ ֆինանսավորվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից: