Հուլիսի 25-ին, Կարծախում տեղի ունեցավ ավանդական «Ջիվանական օրեր» տոնակատարությունը և աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը:

Ջավախքի Կարծախ գյուղում օրը պատմական էր: Մեծանուն աշուղի ծննդյան 170-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողություն: Գյուղի Սուրբ Կարապետ Եկեղեցում մատուցվեց Սբ և Անմահ պատարագ, որի ավարտին մարդկանց բազմությունը շարժվեց դեպի աշուղի հայրական օջախ:

Սամխցե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի և հոգևոր դասի գլխավորությամբ տեղի ունեցավ տուն-թանգարանի հիմնարկեքի արարողություն: ՋԱՀ-ի հոգաբարձուների նախագահ Սոս Սահակյանի, Ջիվանու ծոռ Սպառտակ Պանգոյանի ձեռամբ հիշատակի գրությամբ գլանակը տեղադրվեց պատի մեջ, այդպիսով ազդարարելով տուն-թանգարանի շինարարության մեկնարկը:

Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի շինարարությունը նախաձեռնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Հիմնարկեքի արարողությանը հաջոդեց տեղեկատվական կարճ ֆիլմի ցուցադրություն, թե ինչ տեսք է ունենալու աշուղի տուն-թանգարանը: Նախագծի հեղինակը ճարտարապետ Հ. Մութաֆյանն է: Նույնությամբ վերականգնվելու է աշուղի հայրական օջախը, լինելու է ցուցասրահ, ընդունելության սրահ և այլն:

Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նվիրատուների նյութական միջոցներով, իսկ տունը անվճար տրամադրել է աշուղի ծոռ Սամվել Պանգոյանը: Ջիվանու տուն-թանգարանն այցելուների առաջ իր դռները կբացի մեկ տարի անց: Արդեն իսկ ընթանում է Ջիվանու ձեռագրերի, գրքերի, լուսանկարների, երաժշտական գործիքների հավաքագրման աշխատանքներ:

Աշուղի տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությանը զուգահեռ Կարծախ գուղի բարձունքում Ջիվանու երգն ու տաղն էր հնչում: Ելույթներով հանեդս եկան բազմաթիվ մտավորականներ, հասարակական ու պետական գործիչներ, ովքեր իրենց խոնարհում ու գնհատանքն էին բերում աշուղին ու նրա տաղանդին:

Ջիվանու խոհափիլիսոփայական երգերի անկրկնելի կատարումներով հանդես եկավ Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, գլխավորությամբ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի:

Պարային, ինչպես նաև երաժշտական կատարումներով հանդես եկավ Ջավախքի աշուղական անսաբլը, գլխավորությամբ՝ աշուղ Ալիք Ջավախքի: Ախալքալաքի մշակույթի տան 35 գյուղերի պարային խմբեր առաջին անգամ շուրջպար բռնեցին Կարծախի բարձունքում՝ ի նշան ջավախքցու համախմբվածության:

«Սրանով մենք ուզում ենք քարոզել համախմբվածություն: Պարի «լեզվով» մարդկանց միասնականության կոչ ուղղել: Հաջորդ շուրջպարը բռնելու ենք Աբուլի փեշերին»,- ասաց աշուղ Ալիք Ջավախքին:

Ջիվանու հայրենի գյուղում ավանդաբար ամեն տարի նշվում է «Ջիվանական օրեր» տոնակատարությունը: Տոնակատարություն, որն իր շուրջն է հավաքում հազարավոր ջավախքցիների՝ Ջավախքի տարբեր շեներից, Ռւոսաստանից, Հայաստանից, Վրաստանից ու Սփյուռքից:

Աշուղ Ջիվանին՝ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի և խոսքի ստեղծումը: Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին Կարծախում տարածվեց նրա երգն ու երաժշտությունը:

Ջիվանին (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ծնվել է 1846-ին, Ջավախքի Կարծախ գյուղում՝ հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջիվանին ընտրվել է «ուստաբաշի» (գլխավոր վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջիվանին խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին: Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հո տառը», «Քաջ բազե» և այլն)։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» և այլն)։

Ջիվանին հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջիվանին 19-րդ դարի ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։

Ջիվանին մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է «Աշուղ-Ղարիբի հեքիաթը» (1887), «Քյարամի և Ասլիի հեքիաթը» (1888), «Մելիք-Շահի հեքիաթը» (1898)։
15

14

3

4

13

12

9

8

6

5

17

Աղունիկ Այվազյան