Վրաստանի և միջազգային կենդանաբանները Ջավախքի լճերի մոտ ուսումնասիրում են Մոխրագույն, կովկասյան կռունկին՝ հազվադեպ տեսակի պահպանման համար: Այս նախագծին աջակցում է Կռունկների ուսումնասիրման ամերիկյան հիմնադրամը: Ուսումնասիրության պրոցեսի և Կարմիր գրքի թռչունների մասին մենք զրուցեցինք գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Աբուլաձեի հետ:
Տարբեր երկրների գիտնականների մի խումբ Ջավախքի լճերում ուսումնասիրել է Արչիբալդ կռունկի պահվածքը և չիպ է տեղադրել նրանցից 7-ի վրա: Արչիբալդը Մոխրագույն կռունկի գիտական անունն է, որին անվանել են ամերիկացի գիտնականի պատվին:
– Ջավախքում քանի Կովկասյան Մոխրագույն կռունկ է բնակվում:
Նախկինում կարծում էին, որ դա սովորական թռչուն է, բայց հետո, երբ հետազոտություն կատարվեց, պարզվեց, որ դա հազվագյուտ թռչուն է և ներառված է Կարմիր գրքում: 1991 թ.-ին մենք հաշվել էինք 18 զույգ, բայց այդ ժամանակ չկարողացանք հասնել Կարծախ և ենթադրեցինք, որ եղել է 25 զույգ: Անցյալ տարի մենք հայտնաբերեցինք 12 զույգ, որոնցից 10-ը ձագ են հանել: Այս տարի մենք գտանք ընդամենը 11 զույգ, չնայած մենք շրջեցինք ամբողջ տարածքում: 9 զույգը ձագեր ունեին, 2-ը՝ չունեին, իսկ մի այլ թռչուն Սուլդայի մոտ վիրավոր է, երևի թե ինչ-որ մեկը կրակել է նրա վրա:
– Բացի Ջավախքից Էլ որտեղ են բնակվում Մոխրագույն կռունկները, և քանի զույգ է մնացել:
Նրանք բնակվում են միայն Վրաստանում, Թուրքիայում, Հայաստանում և, հնարավոր է, Իրանում: Բայց մենք չենք կարող գնալ այնտեղ աշխատել, և չգիտենք հաստատ թիվը, հնարավոր է, որ հիմա այնտեղ ընդհանրապես չկա: Նրանք հիմնականում արևմտյան Հայաստանում են, այստեղ՝ Վրաստանի հարավում և Թուրքիայի հյուսիս-արևելքում: 40-50 տարի առաջ նրանք անհետացան Ադրբեջանից, երբ այնտեղ սկսեցին օգտագործել տարբեր տեսակի քիմիական նյութեր: Աշխարհում 30 տարի առաջ 120-125 զույգ էր հաշվարկվում, իսկ այժմ նույնիսկ 40 զույգ չկա: Հայաստանում կա մեկ զույգ, նրանք գտնվում են «Արփա» ազգային զբոսայգում: Մենք ունենք 11 զույգ, և թուրքերն ասում են, որ ունեն 20-25 զույգ, ստացվում է ընդհամենը 32-35 զույգ: Իրանցի գործընկերներն ասում են, որ վերջին տասը տարիների ընթացքում չեն կարողացել գտնել, կարծես անհետացել են:
Նրանց մոտ զույգերը ձևավորվում են ամբողջ կյանքի համար: Միասին մեկնում են ձմեռելու: Թուրքիայում, դեռ 10 տարի առաջ, կար 70 զույգ, այժմ՝ 25 զույգ, եթե ևս տասը տարի անցնի, ցավոք, ընդհանրապես չի մնա:
– Որքանով բարենպաստ է Խանչալիի լիճը այս իմաստով:
Ոչ այնքան բարենպաստ, քանի որ բոլոր կողմերից բնակելի տարածքներ են, արոտավայրեր, կարտոֆիլի դաշտեր և նրանց համար տեղ քիչ կա: Նրանք շատ զգուշ են: Այնտեղ որտեղ մարդ է հայտնվում, նրանք այդտեղ չեն գնում, շատ վախկոտ են, չնայած որ դա ամենամեծ թռչուններից մեկն է՝ 1.5 մ բարձրությամբ: Խանչալին մեծ լիճ էր: Կառուցեցին պատնեշ, լճի կեսը անհետացավ: Միայն մեկ զույգի համար է տեղ մնացել, իսկ 20-30 տարի առաջ 3 զույգ կար:
– Ինչպիսի ուսումնասիրություն եք անում հիմա:
Այս փուլում մենք պարզում ենք, թե ուր կարող են չվել նրանք: Մենք բռնում ենք նրանց, մեջքերին տեղադրում ռադիոհաղորդիչ և եվրոպական հաղորդակցման արբանյակը գրում է, թե ինչպես և ուր են նրանք թռչում: Չիպերը գործում են 4 տարի: Լիցքավորվում են արեգակնային մարտկոցով, և եթե մեկ շաբաթվա մեջ գոնե կես ժամ արև լինի, ապա դա բավարար կլինի: Մեկ հաղորդիչն արժե 5500 եվրո: Անցյալ տարի մենք տեղադրել էինք միայն 2 կռունկի վրա, իսկ այս տարի մենք տեղադրելու ենք 10 հաղորդիչ, սակայն կարողացանք տեղադրել միայն 7-ը: Շոգի պատճառով չենք կարող բռնել:
– Ինչպիսին է այն 2 կռունկի պահվածքը, որոնց վրա անցյալ տարի տեղադրվել էին չիպ:
Նրանք ամբողջ ձմեռն անցկացրել են հարավային Թուրքիայում, Սիրիայի սահմանին: Միայն մեկ օր, երբ ուժեղ ցրտահարություն է եղել, չվել են Իրան, երկրորդը օրը վերադարձել հետ: Բոլորը, ում մենք նշել ենք անցյալ տարի, հոկտեմբերի 6-ին, 8-ին և 9-ին չվել են, և վերադարձել ապրիլի 4-ին, 11-ին իսկ վերջինները 29-ին: Այժմ մենք գիտենք, որ նրանք ձվադրում են միայն այնտեղ, որտեղ չեն օգտագործում քիմիական նյութեր, որտեղ չկան թափառող շներ, լեռնային լճերի մոտ, որտեղ կան ճահիճներ, որտեղ չկան մարդիկ: Մենք հայտնաբերել ենք այդ տարածքները և հարց ենք բարձրացրել կառավարության առջև, քանի որ դա միջազգային խնդիր է: Անհրաժեշտ է ընդլայնել արգելոցները, ազգային զբոսայգիները և գումար տալ տեղի բնակչությանը, որպեսզի նրանք չօգտագործեն քիմիական նյութեր, որոնք թունավորում են բնությունը:
– Որն է Ջավախքի ազգային զբոսայգու ներդրումը հազվագյուտ թռչունների պահպանության պրոցեսում:
Վրաստանում գտնվող 11 զույգերից 6-ը գտնվում են Ջավախքի ազգային զբոսայգու տարածքում, մնացած 5-ը գտնվում են ոչ պահպանվող տարածքներում: Դրանք են` Աբուլի լիճ, Ավչալարի լիճ, որոնք չեն պաշտպանվում: Մենք այդ վայրերում փորձում ենք մարդկանց բացատրել, որ նրանք չօգտագործեն քիմիական նյութեր: Հնարավոր է նրանք ընդհանուր պետք է անցնեն ավելի անվտանգ միջոցների, թունաքիմիկատների: Միայն աղքատ երկրներում են օգտագործում էժան քիմիական նյութեր: Եվրոպայում օգտագործում են ավելի բարձրակարգ քիմիական նյութեր, դրանք բնության վրա չեն ազդում, բայց դրանք թանկ են:
– Ջավախքում ինչ այլ հազվագյուտ թռչուններ են բնակվում:
Մոխրագույն կռունկից բացի, կան նաև երկու տեսակի հավալուսներ: Աշխարհում հավալուսների ամենախոշոր բնակատեղին Կարծախում է: Այստեղ, Մադաթափի կղզում կա նաև Հայկական որորների մեծ բնակատեղի: Վերջին տարիներին այստեղ ձվադրել են 2000 զույգ: Աշխարհում կա ընդամենը 18-19 հազար զույգ Հայկական որորներ, որոնցից 3000-ը բնակվում են Ջավախքի ազգային զբոսայգում: Այստեղ կան մի քանի տեսակի գիշատիչ թռչուններ, որոնք ներառված են Կարմիր գրքում: Կա Ֆիլին (բուի տեսակ), հսկայական բու, Հավալուսն և Տուրպան (բադի տեսակ): Տուրպանը հիմա Կովկասում ոչ մի տեղ չի բնակվում, միայն Տաբածղուրի լճի մոտ: նրանք 22 զույգ են:
– Ինչ է ձեռնարկում կառավարությունը այս թռչունները փրկելու համար:
Ցավոք, պետությունը չի միջամտում այս հարցերին: Այժմ ավարտվում է տեղեկատվության հավաքումը: Արդեն հաջորդ տարի Աբուլ, Ավչալարի և Լևանա լճերը կներառվեն պահպանվող տարածքների ցանկում: Դա դեռ պրոցեսի մեջ է:
– Ինչպես են նպաստում պահպանվող տարածքները հազվագյուտ կենդանիների պահպանմանը:
Ազգային զբոսայգին ինչպես շերտավոր տորթ լինի:
Հինգերորդ շերտը- մարդիկ անում են այն, ինչ անում էին, ձուկ են բռնում, կով արածեցնում և այլն: Չորրորդ շերտը նույնն է, բայց սահմանափակ է: Երրորդ շերտում վնասակար գործողություններն արգելված են, երկրորդում արգելված է բոլոր տնտեսական գործունեությունը, այնտեղ կարող են այցելել միայն զբոսաշրջիկները և ռեյնջերները: Եվ հիմքը, որտեղ ոչ ոք չպետք է մտնի երբ թռչունները ձվադրում են, անգամ ազգային զբոսայգու տնօրենը:
– Գոհ եք ձեր աշխատանքի արդյունքից:
Անցյալ տարի ավելի արդյունավետ էր, քանի որ անցյալ տարի եղանակը ավելի լավ էր, հով էր: Այժմ շոգ է, և նրանք պառկած են, նրանց դժվար է գտնել: Մենք մոտ վեց ժամ անցկացրինք մեկ բույնի մոտ ու այդպես էլ չկարողացանք բռնել: Տրակտորը անցավ այդտեղով և վախեցրեց նրանց, ճահիճը մտան: Նրանք շատ վախկոտ են, այդ պատճառով էլ հազվագյուտ են: Հաջորդ անգամ կգամ սեպտեմբերին, չվելու ժամանակ և կհաշվենք նրանց:
Շուշան Շիրինյան