2021 թվականի սկզբից Վրաստանում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 197 նոր դեպք: Տվյալները հրապարակվում են Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի կողմից:
Ամեն տարի, մայիսի երրորդ կիրակի օրը, ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը: Այն առաջին անգամ կազմակերպվել է 1983 թվականին Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) մի խումբ ամերիկացիների կողմից, որոնք անձամբ են առնչվել ՁԻԱՀ-ի խնդրի հետ: Այս տարի հիշատակի օրը մայիսի 16-ին է:
2020 թվականին Վրաստանում մահացել է 157 ՄԻԱՎ վարակակիր, 2019-ին` 116, 2018-ին` 135, 2017-ին` 127, 2016-ին` 168, 2015-ին` 94, և 2014-ին` 84: Ըստ հինգ ամսվա տվյալների 2021 թվականին ՄԻԱՎ-ից մահացել է 41 մարդ:
ՁԻԱՀ-ի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 1989 թվականին: Այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ՄԻԱՎ է ախտորոշվել 8823 մարդու մոտ: Նրանցից 6587-ը տղամարդիկ են, 2236-ը՝ կանայք: Հիվանդների մեծ մասը 29-39 տարեկան է: ՁԻԱՀ-ը զարգացել է 4441 բուժառուի մոտ, որոնցից 1834-ը մահացել են:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նոր դեպքերի կայուն աճի տենդենց է նկատվում. 2014 թ.-ին՝ 564 նոր դեպք, 2015 թ.-ին՝ 717 նոր դեպք, 2016 թ.-ին՝ 719 նոր դեպք, 2017 թ.-ին` 631 նոր դեպք, 2018 թ.-ին` 672 նոր դեպք, 2019 թ.-ին` 668 նոր դեպք, 2020 թ.-ին՝ 530 նոր դեպք:
Ներկայումս Վրաստանում պաշտոնապես հաշվառված է 5 517 ՄԻԱՎ վարակակիր (այդ թվում՝ Աբխազիայում 620 մարդ): Վարակակիրների թվում 44-ը դեռահասներ են:
Վիճակագրության համաձայն, վարակի փոխանցման ամենատարածված եղանակներն են հետերոսեքսուալ շփումները և վարակված ասեղով թմրանյութերի ներարկումը:
Իմունաբանության կենտրոնը հիշեցնում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեստը և խորհրդատվությունը Վրաստանի քաղաքացիների համար անվճար և անանուն (գաղտնի) են:
Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ռետրովիրուս է, որը վարակում է իմունային համակարգի բջիջները՝ ոչնչացնելով կամ թուլացնելով դրանց ֆունկցիան: Վաղ փուլերում վարակն ասիմպտոմատիկ է: Այնուամենայնիվ, զարգանալուն պես իմունային համակարգը թուլանում է, և անձը դառնում է ավելի խոցելի այլ վարակների նկատմամբ:
ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ՄԻԱՎ վարակի վերջին փուլն է: ՄԻԱՎ-ով վարակված անձի մոտ ՁԻԱՀ-ի զարգացումը կարող է տևել 10-15 տարի: Հակառետրովիրուսային դեղամիջոցները կարող են ավելի դանդաղեցնել այդ գործընթացը:
ՄԻԱՎ-ը փոխանցվում է անպաշտպան սեռական հարաբերությունների (անալ կամ հեշտոցային), աղտոտված արյան փոխներարկման, աղտոտված ներարկիչների օգտագործման միջոցով, ինչպես նաև հղիության ընթացքում մորից երեխային, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ժամանակ:
Նյութը՝ «Новости Грузия»-ից