Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում,սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
«Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում Պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», – ասված է հաղորդագրությունում։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ «Այսօր առավոտյան 3 կմ թշնամին պետական սահմանից անցել է և հասել մինչև Վերիշեն բնակավայր»:
Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գումարել է Անվտանգության խորհրդի նիստ:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. – «Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը»:
Ինչպես նշել է վարչապետի պաշտոնակատարը, ադրբեջանական կողմը փորձում է վերահսկողություն հաստատել Սև լճի վրա:
Փաշինյանը կատարվածը, ըստ էության, որակել է որպես դիվերսիոն առաջխաղացում:
«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է», – ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պիտի հստակ արձանագրել, որ իրավիճակը առնվազն նախաճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային:
«Պետք է նաև արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում», – ընդգծել է Փաշինյանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինչպես և կարելի էր, ցավոք, սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել:
«Ես ուզում եմ կրկին անգամ կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա», – հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: