Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ «պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային»։
Մինչ այս պահը հաղորդվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Ներքին գործերի նախարարի, Քննչական կոմիտեի նախագահի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և ՊԵԿ նախագահի ազատման մասին։
Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը նման որոշում է կայացրել կառավարության վերջին նիստից հետո, որի ընթացքում անդրադարձել էր դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և հայտարարել՝ իր «համբերության բաժակը լցվել է»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ այդ պաշտոնյաները որևէ կերպ չէին շեղվել այն քաղաքական նպատակներից, որ հետապնդում է Փաշինյանի իշխանությունը։ Կարծում է՝ նման փաթեթային որոշման են հանգեցրել ոչ թե առանձին կառույցների ֆունկցիոնալ արդյունավետության հետ կապված խնդիրները, այլ միջազգային ասպարեզում տեղի ունեցող էական փոփոխությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը։
«Փաշինյանին այս նոր իրավիճակում պետք է լինելու ավելի վստահելի և կառավարելի, գուցե՝ նաև այլ տրամաբանությամբ համակարգ։ Նոր նշանակումները ցուցիչ կլինեն՝ հասկանալու համար, թե ինչ տրամաբանություն կարող է աշխատել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Բադալյանը։
Պաշտոնանկությունների թեման հայաստանյան լրատվամիջոցները քննարկում են նախօրեից, սակայն կառավարությունը այս թեմայով պարզաբանումներ չէր ներկայացնում։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միևնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»,- գրել է վարչապետը։
Սպասվող պաշտոնանկությունների մասին լուրերի ֆոնին այսօր առավոտյան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից և հայտարարել ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից հրաժարվելու մասին․
«Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու»։
Անդրեասյանը շեշտել է՝ պաշտոնը թողնում է «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության»։ Բայց նաև հավելել է՝ այդ «թունավոր պաշտոնում» ամենաերկարն է դիմացել։ ԲԴԽ արդեն նախկին նախագահի գնահատմամբ՝ ինքը դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից և դրել ինստիտուցիոնալ հիմքեր։
«Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել»,- գրել է Անդրեասյանը, ով ԲԴԽ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2022 թ․-ից։
Այս գրառումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ նախագահ Սասուն Խաչատրյանն էլ է ազատման դիմում գրել։ Բացի այդ, ազատման դիմում են ներկայացրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանության մեջ։ Ընդդիմիմադիրները պնդում, որ 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է նոր իմիջ ձևավորել։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Իշխանությունը փորձում է, այսպես կոչված, նոր դեմքով հանդես գալ: Այս քայլը դիտարկում եմ նախընտրական տրամաբանության մեջ»։
Իշխող ուժի փոխանցմամբ՝ հարցը պետք է դիտարկել համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե ներքաղաքական կամ նախընտրական գործընթացների համատեքստում։
«Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ։ Եվ չափազանց կարևոր է, որ այդ պահանջը էմոցիոնալից վերածվի ինստիտուցիոնալ իրողության։ Այս մասով կան իրականացված գործեր, բայց նաև՝ բացթողումներ և չարված գործեր»,- նկատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու, ուստի «որևէ անակնկալ» տեղի չի ունեցել։