Հստակեցվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև պարզեցվում հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը:

Մասնավորապես, սահմանվել է, որ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողը դիմում է անձամբ, լրացնում դիմում-հարցաթերթ, որի ձևը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկը ևս հաստատվում են սույն նախագծով։ Բացի այդ, փոփոխության են ենթարկվել նաև պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների համար սահմանված ժամկետները. հաշվի առնելով, որ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախատեսվել է 90 աշխատանքային օր, ուստի քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմիններին վերապահված գործառույթների իրականացման ժամկետները սահմանվել են այնպես, որպեսզի 90 աշխատանքային օրում հնարավոր լինի ապահովել գործերի ամբողջական ուսումնասիրություն, ՀՀ նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացնելը և վերջինիս կողմից հրամանագրի ստորագրումը։

Պարզեցվել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար անձանց կողմից լրացվող հարցաթերթիկների ձևերը, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանցով պահանջվող տեղեկատվության մեծ մասի անհրաժեշտությունը բացակայում է, և պրակտիկայում որևէ կերպ չի ազդում գործի ելքի վրա, մինչդեռ, հարցաթերթը լրացնելը ավելորդ ժամանակ և խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը վերջին 2 ամիսներին ահռելի ծավալների է հասել, ավելացել է նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը:

2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ 105 հազար 169 քաղաքացի:

Աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Եթե նրանց թիվը 2021-ին եղել է 9, ապա 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ 14: