Եվրամիությունը մտցրել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիայի գրավը: Այս մասին ասվում է Թբիլիսիում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքում:
«Այսօր պարոն Մելիային նախնական կալանքից ազատելու համար վճարվել է 40 000 լարիի (խմբ. մոտ 12 հազար եվրո) չափով գրավի գումարը: Սա 2021 թվականի ապրիլի 19-ին ԵՄ-ի միջնորդությամբ քաղաքական կուսակցությունների միջև կնքված համաձայնագրի արդյունքն է: Մենք անկեղծորեն մեր սրտագին երախտիքն ենք հայտնում երկու անկախ կազմակերպություններին, որոնք համաձայնել են զգալի աջակցություն ցուցաբերել այս գործընթացում. «Եվրոպական հիմնադրամը ժողովրդավարության համար» (EED), որը տրամադրել է միջոցները, և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային (GYLA), որը միջոցները փոխանցել է իշխանությանը: Սա Վրաստանում քաղաքական ճգնաժամը դադարեցնելու և ապրիլի 19-ի համաձայնագիրը կյանքի կոչելու համար ձեռնարկված ևս մեկ կարևոր քայլ է: Մենք ակնկալում ենք, որ այս քայլը մեծապես կխթանի խորհրդարանի բոլոր ընտրված անդամներին միանալ համաձայնագրին և կնպաստի դրա իրականացմանը՝ հօգուտ Վրաստանի շահերի, նրա քաղաքացիների, ԵՄ-Վրաստան հարաբերությունների և Վրաստանի եվրաատլանտյան ապագայի», – ասված է հայտարարության մեջ:
Մայիսի 7-ին, «Formula» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Եվրամիությունը վճարել է գրավը Նիկա Մելիայի փոխարեն: Լրագրողների տեղեկությամբ, ընդդիմադիրը բանտը կարող է լքել մայիսի 13-ին: Ինքը՝ Նիկա Մելիան, ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն է լքել կալանավայրը, եթե Եվրամիությունը վճարի գրավը: Միաժամանակ նա պահանջել էր հետ կանչել «Համաներման մասին օրենքը»:
Հիշեցնենք, որ Նիկա Մելիային ազատ արձակելը ընդդիմության առանցքային պահանջներից էր իշխող «Վրացական երազանքի» հետ բանակցություններում: Ապրիլի 19-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, կողմերը համաձայնության եկան, որը, ի միջի այլոց, նախատեսում էր 2019-ի հունիսի 20-ի իրադարձությունների գործով ներգրավվածների համաներումը: Այնուամենայնիվ, ՄԱՇ-ը դեմ էր հանդես եկել համապատասխան օրինագծին, քանի որ այն նախատեսում է համաներում՝ ոչ միայն անկարգությունների մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստների, այլ նաև իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները:
Ինչ վերաբերում է գրավին, Նիկա Մելիան հրաժարվել էր վճարել այն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը որակելով քաղաքականապես մոտիվացված: Այս կապակցությամբ, փետրվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը փոխել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը, որից հետո հատուկ ջոկատայինները նրան բերման էին ենթարկել կուսակցության գրասենյակում: «Վրացական երազանքի» ու ընդդիմության բանակցությունների ֆոնին Եվրամիությունը հայտարարել էր Մելիայի փոխարեն գրավը վճարելու պատրաստակամության մասին: