Երեկ՝ մայիսի 5-ին, Ախալքալաքի հիվանդանոցում առաջին անգամ Ախալքալաքի շրջանի բնակչին ներարկել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ:
Ըստ JNEWS-ի տեղեկությունների՝ երեկ Ախալքալաքի հիվանդանոցում Ախալքալաքի մունիցիպալիտետի երկրորդ բնակիչը՝ 29-ամյա տղամարդը, պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Այս տեղեկատվությունը հաստատեցին ինչպես Ախալքալաքի ՀԱԿ-ից, այնպես էլ հիվանդանոցից: Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով՝ երիտասարդ տղամարդը պատվաստվել է չինական Sinopharm պատվաստանյութով:
«Գրանցումն իրականացվում է նախարարության էլեկտրոնային հասցեով, այնուհետև հարկավոր է գալ մեզ մոտ, որպեսզի պատվաստենք: Այս անձի պատվասումը հաջողությամբ է անցել: Ոչ մի բողոք չկա, ամեն ինչ կարգին է: Պատվաստման առաջին դեղաչափից հետո պետք է ներարկել երկրորդ դեղաչափը: Մենք ունենք և AstraZeneca, և Sinopharm: Ինչ վերաբերում է Pfizer-ին, շրջաններում չեն պատվաստում, քանի որ պահման համար անհրաժեշտ է -70 ջերմաստիճան: Նրանք, ովքեր ցանկանում են պատվաստվել Pfizer-ով, կարող են գրանցվել և պատվաստվել Թբիլիսիում, Բաթումիում: Եթե խոսենք AstraZeneca-ի մասին, ապա այս պատվաստանյութով պատվաստվում են 55 տարեկանից բարձր բնակիչները, իսկ Sinopharm-ով 18 տարեկանից բարձր բնակիչները», – մեկնաբանեց Ալեքսան Թորոյանը:
Որպես հիշեցում, Ախալքալաքից առաջինը, ով պատվաստվել էր Pfizer պատվաստանյութով, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեն էր: