Մի քանի օր առաջ, Ախալքալաքից սունկ հավաքողները՝ Վաչիան գյուղի մոտակայքում գտնվող անտառային գոտում, հայտնաբերել էին հատված ծառերով բացատներ: Ինչպես պարզվել էր՝ ոչ ոք այս ծառերը հատելու թույլտվություն չէր ընձեռել:
Ախալքալաքից սունկ հավաքողները Վաչիան գյուղի մոտակայքում գտնվող անտառային գոտում հայտնաբերել էին բացատ, որտեղ կա մոտ 18 հատված ծառ: Ինչպես Jnews-ին հայտնել են սունկ հավաքողները, այս ծառերից երեքը, կտրվածքից ելնելով, չորացաց են եղել, իսկ մնացածը՝ ոչ:
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում, որտեղ մենք դիմեցինք տեղեկատվության համար, մեզ ասացին, որ նրանք այս տարածքում չորացած ծառերի հատման աշխատանքներ չեն իրականացրել: Դրանից հետո մենք դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետարանի Բնապահպանական վարչության ծառայությանը՝ Ռամազ Խուցիշվիլիին, ով Jnews-ին հայնտեց, որ այս տարածքն Ախալքալաքի մունիցիպալիտետի տիրապետման մեջ չէ:
Այնուհետև Jnews-ը կապ հաստատեց Անտառտնտեսության ազգային գործակալության տարածքային ծառայության հետ, գործակալության ներկայացուցիչ Իրակլի Լետոդիանին մեզ հաղորդեց, որ այս տարածքը գտնվում է Ախալքալաքի քաղաքապետարանի պատասխանատվության ներքո, և նրանք հատման համար որևէ թույլտվություն չեն տվել, քանի որ տարածքը նրանց պատասխանատվության տակ չէ: Արդյունքում մենք կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ:
«Անտառային գոտին անպայման պետք է պատկանի անտառտնտեսությանը: Ասում են, որ մեզ է պատկանում, չէ՞: Միգուցե: Ես չգիտեմ, թե ինչու են նրանք որոշել, որ այս անտառային գոտին պատկանում է մեզ, բայց բոլոր անտառները պատկանում են անտառտնտեսությանը: Իհարկե, ոչ ոք մեզանից հատման համար թույլտվություն չի վերցրել: Մենք ունենք որոշակի վայրեր, որոնք մունիցիպալիտետին են պատկանում: Օրինակ՝ Տավշանկան նույնպես մեր պատասխանատվության տակ չէ: Արագվա գյուղի մոտակայքում գտնվող անտառային գոտին նույնպես մերը չէ: Բայց եթե հատել են, ապա այդ դեպքում քրեական գործ կհարուցվի՝ պարզելու համար, թե ովքեր են հատել ծառերը», – պարզաբանեց Ախալքալաքի քաղաքապետը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում անտառները քիչ են, ինչը հանդիսանում է թթվածնի աղբյուր, յուրաքանչյուր հատված ծառ մեծացնում է թոքերի հիվանդությունների զարգացման ռիսկերը:
Անտառահատումները մոլորակի ամենասուր բնապահպանական խնդիրներից են, իզուր չէ, որ ծառերը կոչվում են Երկրի թոքեր: Անտառահատումներն ազդում են բուսական աշխարհի, կենդանական աշխարհի, երկրակեղևի, մթնոլորտի, ջրային ռեժիմի վրա: