Ապրիլի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը քննարկեց 2021 թվականի բյուջեի հերթական փոփոխությունը: Քննարկման էր դրված մեկ հարց, որը հանձնաժողովն ուղարկեց Սակրեբուլոյի բյուրոյի և նիստի քննարկմանը: Պատգամավորները քաղաքապետարանի ներկայացուցիչներից պահանջեցին վերջին 4 ամիսներին կատարված աշխատանքների հաշվետվություն:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը քննարկեց Բարձրալեռ շրջանների զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ենթակառուցվածքային նախագծերի մունիցիպալ մասնաբաժինը հատկացնելու հարցը: Նախագծերի ընդհանուր գումարը 326 045 լարի է, որից 302 961 լարին հատկացվում է Բարձրալեռ շրջանների հիմնադրամի կողմից, իսկ 23 084 լարին՝ տեղական բյուջեի:
Ճապոնիայի դեսպանատուն վերադարձնելու նպատակկով բյուջեից հանվում է նաև 3446,40 լարի գումարը, որը հայտնվել էր 56 000 ԱՄՆ դոլարի փոխարժեքի տարբերության արդյունքում: Գումարը կծախսվի աուդիտորական աշխատանքների համար: Մունիցիպալիտետը աղբատար մեքենա գնելու համար Վրաստանում Ճապոնիայի դեսպանատնից ստացել է 56 000 ԱՄՆ դոլար: Բյուջեում հաշվարկվել էր, որ մունիցիպալիտետը կստանա 186 099.20 լարի, սակայն ԱՄՆ դոլարի փոխանակումից հետո այդ գումարը կազմել էր 192 998.40 լարի:
Հանձնաժողովը քննարկել է նաև տենդերներից խնայված 50 հազար 177 լարին, որից 39 895 լարին կուղղվի կենտրոնական բյուջե, իսկ 5 941 լարին՝ տեղական բյուջե: Գումարը խնայվել էր Ալաթուման-Բեժանո, Կարծախ-Գոգաշեն ճանապարհների վերականգնման և Գոգաշեն գյուղում մանկապարտեզ կառուցելու տենդերներից:
Քաղաքապետարանը նախատեսում է քաղաքապետարանի և Սակրեբուլոյի արխիվային փաստաթղթերը վրակարելու համար հատկացնել 2500 լարի, և 16 252 լարի՝ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աղբատարի վերանորոգման համար: Քննարկվել է նաև Ջավախքի բնակչությանը լեռնային կարգավիճակ տալու, տեխնիկական սպասարկման, 4000 լարի հատկացումը:
Պատգամավոր Սամվել Պետրոսյանի առաջարկով քննարկվեց նաեւ մունիցիպալիտետում տեղի ունեցած մի քանի բնական աղետներից (ջրհեղեղ, ուժեղ քամի) տուժածների փոխհատուցումն ու իրավիճակը: Նա առաջարկեց, հաջորդ հանդիպման ընթացքում քաղաքապետարանը զեկուցի կոնկրետ այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Պատգամավոր Սամվել Պետրոսյանը նաև առաջարկեց, որ քաղաքապետարանը այսօրվա նիստում պատգամավորներին զեկուցի 2021 թ.-ի չորս ամիսներին իրականացված ենթակառուցվածքային աշխատանքների մասին, թե այս տարի ենթակառուցվածքային քանի աշխատանք է նախատեսվում իրականացնել, ենթակառուցվածքային աշխատանքների քանի տոկոսն է արդեն արվել, որոնց տենդերներն են հայտարարվել, իսկ որոնցը՝ դեռ ոչ, և ինչու: