Ջավախքում հետզհետե ավարտին է մոտենում բերքահավաքը։ Սակայն բերքն այդքան էլ հաջող չէ։ Կարտոֆիլի վրա առաջացած ճաքերը խանգարում են, որպեսզի բնակիչները ավելի թանկ գնով վաճառեն այն։ Մասնագետները նշում են, կարտոֆիլի հիվանդության պատճառը հողի ցանքաշրջանառությանը չհետևելն ու սխալ պարարտացումն է:
Այս տարի բնակչությունը գոհ է կարտոֆիլի բերքատվությունից, սակայն ոչ կարտոֆիլի որակից, ինչն էլ խանգարում է այն վաճառել բարձր գնով։
Բնակչությունը չգիտի, թե ինչու է կարտոֆիլի վրա առաջանում մեծ ճաքեր, քանզի նրանք ցանում են նոր և առողջ սերմ։
«Ցանել եմ առողջ կարտոֆիլ, աշունը, երբ հողից հանեցի, տեսա որ մեծ մասամբ հիվանդ է։ Մտածեցի, որ սերմնացուն հին էր, աղբը շատ էի տվել, սակայն քանի որ մասնագետ չեմ, չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը։ Միայն մի տեսակի սերմ չէի ցանել, որ մտածեմ սերմից է, բոլոր տեսակների վրա էլ նույն ճաքեր են»,- ասում է Աշոտը։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը թվարկում է մի քանի հիվանդություն, որոնք այս տարվա կարտոֆիլն ունի։
«Այս տարի հիմնական հիվանդություններն են ռիզոկտոնիոզը, ֆիտոֆտորոզը և ավելի քիչ տարածվածը՝ ալտերնարիոզ։ Հիմնական պատճառ է հանդիսանում ազոտի սխալ օգտագործումը, կալցիի պակասը և հողում վիտամինների, կամ պակասը, կամ ավելցուկը»-նշում է Մախարե Մացուկատովը։
Վերջինս նաև կարևորում է ցանքաշրջանառությունը, քանի որ հողին հանգստանալ է պետք։
«Ամենակարևորը, որ պետք է կատարի ֆերմերը, դա ցանքաշրջանառությունն է։ Չի կարելի նույն հողում միշտ կարտոֆիլ ցանել, պետք է ցանել երրորդ, նույնիսկ չորրորդ տարում։ Եթե մի քանի տարի շարունակ կարտոֆիլ է ցանվում նույն հողում, բերքը հիվանդ է լինում։ Տարիների ընթացքում առաջացած հիվանդությունը չի հասցնում վերանալ, եթե նույն տարին, կամ երկրորդ տարին կարտոֆիլ են ցանում նույն դաշտում»,- հավելում է Մախարե Մացուկատովը։
Նրա խոսքերով, հողագործները 3 լարիով նոր սերմացու են գնում ու ցանում հիվանդ հողերի մեջ, այնուհետև բողոքում, որ կարտոֆիլը լավ չի եղել կամ հիվանդ է:
«Միշտ պետք է ստուգել հողը, հետո ցանել նոր կարտոֆիլը։ Հիվանդություն կարող է առաջացնել աղբը։ Դաշտերը կարելի է աղբել միայն աղբը 3 տարի մնալուց հետո, նոր աղբը երբեք պետք չէ լցնել դաշտերը»,- ասում է Մախարեն։
Աշոտը պատմում է, որ իր հարևանի կարտոֆիլն է նույն ճաքերով է. «Հարևանս մի տոննա կարտոֆիլը միայն լվանալուց հետո է կարողացել վաճառել, որ գոնե գույնը սպիտակի»։
Օրջա գյուղի բնակչուհի Անահիտը, ով երկար տարներ կարտոֆիլ է մշակում ասում է, որ տարեցտարի ավելի է խորանում կարտոֆիլի հիվանդությունը։
«Առաջի տարին, որ եղավ, մտածեցինք սերմն է հնացել և նորը գնեցինք, սակայն այս տարի ևս նոր սերմից ստացած կարտոֆիլի վրա նույնպիսի ճաքեր կան, չենք հասկանում, թե ինչից է»,- ասում է նա։
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասում է.
«Դեռ ոչինչ չենք կարող ասել, քանի որ բերքահավաքը վերջնական չի ավարտվել։ Կարտոֆիլի հիվանդությունը կարող է լինել տարբեր պատճառներով, օրինակ հողում կալցիի պակասի, կամ շատ խոնավության։ Բերքահավաքի ավարտից հետո անպայման կարտոֆիլ կուղարկենք լաբարատորիա ճշտելու համար հիվանդության պատճառները»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն։
Գայանե Ակոջյան