«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի երեք գյուղեր ձեռք կբերեն նոր մարզագույք: Մունիցիպալիտետն արդեն հայտարարել է մարզական գույքը գնելու համար տենդերը:
Ախալքալաքի մունիցիպալիտետը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, հայտարարել է 15 352 լարիի չափով տենդեր՝ Վաչիան, Կումուրդո և Արագվա գյուղերի համար մարզական գույք գնելու նպատակով: Այս տարի Արագվա գյուղը «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ստացել է 16 000 լարի, իսկ Վաչիանն ու Կումուրդոն` յուրաքանչյուրը 20 000-ական լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ավարտվել է անցյալ տարի սկսված կամրջի կառուցումը: Մնացած միջոցները կուղղվեն գյուղի համար նոր մարզագույք ձեռք բերելուն: Վաչիան գյուղում ՕԳԾ-ի շրջանակներում բարեկարգվել են ճանապարհներն ու մարզադաշտը, մնացած միջոցները կօգտագործվեն նաև նոր մարզագույք գնելու համար:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի՝ առաջնահերթությունները սահմանում են հենց գյուղացիները:
Մունիցիպալիտետի 64 գյուղերից որոշ գյուղերում աշխատանքներն արդեն ավարտվել են, որոշ գյուղերում էլ աշխատանքները կա՛մ ընթացքի մեջ են, կա՛մ նույնիսկ չեն էլ սկսվել: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, աշխատանքների մոտ կեսն արդեն ավարտվել են:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ՕԳԾ-ի շրջանակներում ստացել է մոտ 922 000 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի:
Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրը մեկնարկել էր 2011 թ.-ին, 2019-ին՝ երկամյա ընդմիջումից (2017 թ., 2018 թ.) հետո, պետությունն այն կրկին վերսկսել է:
Բրատիսլավ Իգիթխանյան