Ախալքալաքի քաղաքապետարանը երկու օր առաջ Ախալքալաքի շրջանային դատարանից կատարողական թերթիկ է ստացել, ըստ որի, Ախալքալաքի շրջանային դատարանի որոշմամբ, Ճավճավաձե փողոցի №5 հասցեում «Կայանելն արգելվում է» նշանը պետք է ապամոնտաժվեր, սակայն այս որոշումը ուժի մեջ է մտել ուղիղ մեկ ամիս և երկու օր առաջ, հունիսի 7-ին: Քաղաքապետարանում ասում են, որ «նրանք անպայման կատարելու են դատական որոշումը»:
Ճավճավաձե փողոցի №5 հասցեում «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը դարձել էր Ճավճավաձեի փողոցի բնակչի, Ախալքալաքի քաղաքապետարանի և բիզնեսի ներկայացուցիչների միջև վիճաբանության առարկա: Վեճը հասել էր դատարան` բուքմեյքերական գրասենյակի սեփականատեր Միշա Կրմաջյանը, Ախալքալաքի քաղաքապետարանին դատի էր տվել` պնդելով, որ նրա հիմնարկի կողքին արգելող նշանը տեղադրվել է ապօրինի: Դատարանը նշանն ապամոնտաժելու վերաբերյալ հայցը բավարարել է: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտել հունիսի 7-ին:
Միշա Կրմաջյանն ապամոնտաժման հետ մեկտեղ, պահանջում էր նաեւ ապօրինի նշանի պատճառով ստացված բոլոր ծախսերը փոխհատուցել, ներառյալ տույժերը, սակայն հայցի այս մասը բավարարվել է մասամբ, որից հետո հայցվորը բողոքարկել է այդ կետերը: Դատարանը բավարարել էր պահանջը, որպեսզի պատասխանողը, այսինքն՝ Ախալքալաքի քաղաքապետարանը, ամբողջովին վճարի պետական գանձարան հայց ներկայացնելու գումարը` 100 լարիի չափով, փաստաբանի ծախսերի մասնակի վճարումը՝ 700 լարիի չափով: Ընդհանրապես չէր բավարարվել անթույլատրելի տեղում տրանսպորտային միջոցի կանգառման համար 10 լարի չափով տուգանքի փոխհատուցման կետը: