Այսօր՝ ապրիլի 27-ին, Վրաստանի նախագահի համաներման մասին որոշման հիման վրա բանտից ազատ է արձակվել «Մթավարի» հեռուստաընկերության համահիմնադիր Գիորգի Ռուռուան: Վերջինս ժամեր առաջ լքել է Գլդանիի քրեակատարողական հիմնարկը։

«Ես ակտիվ քաղաքացի եմ ու մնալու եմ ակտիվ քաղաքացի։ Քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների գործը չէ, մենք նույնպես պետք է գործենք, մենք պետք է օգնենք քաղաքական գործիչներին», — հայտարարել է Ռուռուան։

Վերջինս նաև նշել է, թե չէր հավատում դրա իրագործմանը, քանի որ այս տարիների ընթացքում բազմիցս տեսել է, թե ինչպես են իշխանությունները խուսափել իրենց խոստումներն իրագործելուց։

Տեղեկացնենք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող «Մթավարի արխի» հեռուստաընկերության համահիմնադիր Գիորգի Ռուռուան ձերբակալվել էր 2019-ի նոյեմբերի 18-ին` մեղադրվելով ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահպանելու և կրելու մեջ: Նա ակտիվ մասնակցում էր 2019 թվականի հունիսի 20-ից հետո խորհրդարանի մոտ տեղի ունեցող հակառուսական ակցիաներին։ Իսկ ազատ արձակվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի առաջարկած` ընդդիմության ու իշխանության համաձայնագրի առաջին կետի համաձայն։