«Վարչական ռեսուրսի զգալի չարաշահման մասին հաղորդումները կասկած են հարուցել ընտրությունների ընդհանուր արդարության վերաբերյալ: Ըստ այս տեղեկատվության, շատ քաղաքներում և գյուղերում ուսուցիչների, իրավապահ մարմինների աշխատակիցների և պետական ոլորտում գործառված աշխատակիցների վրա ճնշումներն ընտրությունների օրը թույլ չեն տվել արտահայտել իրենց ազատ ընտրությունը: Այս տիպի խախտումները հաճախ են տեղի ունեցել Վրաստանում կայացած ընտրություններում, ինչը լիովին անհամատեղելի է Վրաստանի եվրաատլանտյան իդեալների հետ»,- ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, եկել է ժամանակը, որպեսզի ստեղծվի կուսակցությունների քաղաքական դաշինքներ` անհապաղ լուծելու Վրաստանի քաղաքացիների համար կարևոր խնդիրները:
«Մենք նաև մտահոգված ենք այնպիսի գործողություններով, որոնք կարող են առաջացնել առանց այն էլ լարված քաղաքական իրավիճակի էլ ավելի բևեռացում և ապակայունացում, ինչպես նաև մենք ափսոսում ենք, որ կուսակցությունները կենտրոնանում են ոչ թե ընտրողների, այլ անձնական շահերի վրա: Նման գործողությունները կասկածի տակ են դնում որոշ կուսակցությունների հավատարմությունը այն սկզբունքին, որ քաղաքական լեգիտիմության ձեռքբերումը կամ կորուստը պետք է տեղի ունենա քվեատուփի մոտ», – ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ըստ դեսպանատան, գովասանքի են արժանի ընտրական բարեփոխումների իրականացման ուղղությամբ Վրաստանի խորհրդարանի ջանքերը` վերացնելու նախորդ ընտրություններում հայտնաբերված թերությունները:
«Հոկտեմբերի 2-ին Վրաստանի քաղաքացիներն օգտվեցին ձայնի կարևորագույն իրավունքից, հստակ արտահայտեցին իրենց կարծիքը և հաշվետվողականություն ապահովեցին իրենց քաղաքական առաջնորդների հանդեպ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քաղաքական իրավիճակը բևեռացնելու, ինչպես նաև հետընտրական հանգիստ միջավայր պահպանել և ընտրությունների հետ կապված բողոքներին արդար և անաչառ վերաբերվել: Երկրորդ փուլը հնարավորություն է տալիս բարելավել գործընթացը և անցկացնել կազմակերպված, մրցունակ երկրորդ փուլ, որին Վրաստանի քաղաքացիները կվերաբերվեն լիարժեք վստահությամբ», – ասված է հայտարարության մեջ: