Կանաչով ծածկված բացատներ և բլուրներ, միանման կիսահարկ տներ, բնակիչներ ովքեր փայտ են կոտորում, ջուր կրում` դա Չունչխան է, այստեղ կողք կողքի ապրում են մահմեդական աջարներն ու քրիստոնյա վրացիները:
Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղից` Դիլիսկա հասնելուն պես ուղևորվում ենք Պտենա գյուղ, և ի վերջո հասնում՝ Չունչխա: Այս գյուղ հասնելն ինչքան էլ, որ տարօրինակ լինի ավելի հեշտ ստացվեց քան պատկերացնում էինք: Ախալքալաքի շրջանի ամենուր տիրող ճանապարհների արդիական խնդիրը, այստեղ կարծես աննկատ էր ու հեշտ: Ճանապարհից չբողոքեցին նաև տաքսու վարորդները, ինչը նրանք սովորաբար անում են գյուղերով ճանապարհորդելիս:
Պտենա և Չունչխա գյուղերի միջև առանձնապես տարբերություն չկա: Գյուղերը սկսվում են միանման տիպիկ տներով, որոնք կառուցվել են նախորդ դարի 80-ականների վերջերին պետության կողմից հատուկ Աջարիայից եկած բնապահպանական արտագաղթողների համար:
«1989 թվականին մեզ Աջարիայից տեղափոխեցին Ախալքալաք, Կրծանիսի, Մառնեուլ: Ամենալավ տեղը այստեղ է: Մենք արդեն համակերպվել ենք: Չեմ ցանկանում այլ տեղ ապրել, ցանկանում եմ մնալ այստեղ: Տեղի վրացիներից շատ քիչ են մնացել: Երբ մենք տեղափոխվեցինք այստեղ, հիմնականում մնացին ծերերը, իսկ երիտասարդները տեղափոխվեցին: Նրանք ունեին հնարավորություններ, գնեցին սեփական տներ, և բնակարաններ: Այստեղ մնացին 4-6 երիտասարդներ»,- ասում է Չունչխա գյուղի դպրոցի տնօրեն` Էմզար Պապիձեն:
Ախալքալաքի շրջանի դժվարին կյանքին Խուլոյից եկած աջարաները արդեն համակերպվել են, իսկ նրանք ովքեր չեն համակերպվել դժվարություններին, վերադարձել են հետ, կամ Աջարիա, կամ էլ մեծ քաղաքներ` Թբիլիսի, Ռուսթավի…
Հին քարե տներում ապրում են տարեցները, տեղի վրացիները որոնք կազմում են` 25-30 ընտանիք: Բնակիչներից մեկին հանդպիեցինք գյուղի գլխավոր և միակ ճանապարհով իջնելիս:
«Ես մենակ եմ ապրում և այդպիսիններ շատ կան: Առաջ մենք շատ էինք, տեղափոխվեցին մեծ քաղաքներ` Թբիլիսի, Ռուսթավի, Ախալցիխե: Խանութ չկա, կա մի փոքրիկ կրպակ, ամեն ինչ գնում ենք Ախալքալաքից: Չկա ոչ տրասպորտ, ոչ գազ, ոչ ջուր: Փայտ չկա, ոչինչ չկա: Չեն տալիս»,- բողոքեզ տեղաբնակներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Չունչխան փոքր գյուղ է, շրջապատված դաշտերով: Գյուղի վերջնամասում է գտնվում եկեղեցին, որտեղ մտնել չկարողացանք, քանի որ մեզ վրա հաչոցներով հարձակվեցին երկու մեծ շուն: Ի դեպ, Չունչխայի ամեն տան մոտ կապված են մեծ շներ, նրանցից մի քանիսը սպառնալիորեն հաչում էին մեզ` անծանոթներիս վրա, մի քանիսը ուղղակի պառկած էին փողոցի վերջում և տաքանում էին գարնանային արևի տակ: Ինչպես բացատրեցին տեղի բնակիչները, շները պաշտպանում են գյուղն անկոչ հյուրերից` գայլերից և աղվեսներից:
Չունչխայում գարնանային, արևոտ օրը եռում է ամենօրյա կյանքով: Փողոցներում եռուզեռ կա: Բնակիչները ծիծաղում են, բարձրաձայն խոսում, մեկը մյուսին կանչում, մեկ ուրիշն էլ տան կտուրն է վերանորոգում, մյուսը կովերին տանում է արածեցնելու, հաջորդը փայտ է ջարդում և դույլերով ջուր տանում: Չունչխայում ջրի խնդիրը ամենա արդիականն է: Այստեղ նաև բողոքում են ջեռուցումից և չսեփականաշնորհված տներից:
«Կա խմելու ջրի խնդիր, ոռոգման խնդիր նույնպես կա, սակայն տան ջրի հարցը առաջնային է: Ջուր կա ձմռանը և աշնանը, իսկ գարնանը և ամռանը չկա: Մեքենաներով, տակառներով և ցիստեռներով բերում ենք հարևան Դիլիսկա գյուղից: Գյուղում չեն քաշել նաև գազ»,- ասում է Էմզար Պապիձեն:
Մարդիկ այստեղ ապրում են մեկուսացած և զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Աճեցնում են կարտոֆիլ և հացահատիկայիններ: Ռուսաստան սեզոնային աշխատանքի գյուղացիները ի տարբերություն շրջանի բազմաթիվ այլ գյուղերի բնակիչների, ոչ վրացիները, ոչ էլ աջարները չեն գնում, բայց ապրում են ոչ այնքան հարուստ կյանքով: Եվ տները և հողատարածքները նույնպես, որտեղ ապրում են աջարները նրանց չեն պատկանում, քանի որ նրանք չեն կարող սեփականաշնորհվել:
Քրիստինե Մարաբյան