«Ոչ ոք չի ժխտում, որ վերջին ամսվա ընթացքում համաճարակային իրավիճակը հետզհետե վատթարանում է. Ամենօրյա դեպքերը տատանվում են 1200-ի սահմաններում, մենք ինչ-որ կերպ պետք է փորձենք պահպանել այս ցուցանիշը ապրիլ-մայիս ամիսներին» , – այս մասին հայտարարել է Ամիրան Գամկղրելիձեն՝ «IPN»-ի հետ զրույցում։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկրում ակտիվացնել պատվաստումների գործընթացը, քանի որ համավարակը չի կարող ավարտվել առանց պատվաստումների:
«Մի անգամ մենք լուրջ ցատկ ունեցանք, երկրորդ անգամ դեռ նման մեծ ցատկ չի եղել: Ամեն օր դեպքերը մնում են շուրջ 1200-ի սահմաններում: Այսօր գրանցվել է 966 նոր դեպք, բայց դա միշտ էլ կախված է հետազոտությունների քանակից: Ինչպես գիտեք, շաբաթ և կիրակի հետազոտությունների քանակը նվազում է: Վերջին 24 ժամվա ընթացքում 23888 հետազոտություն է իրականացվել, ուստի ունենք 966 նոր դեպք: Մենք պետք է ինչ-որ կերպ փորձենք պահպանել այս ցուցանիշը ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Հուսադրող գործոններից մեկն այն է, որ երկրում դիմակ կրելու մակարդակն աճել է՝ այն հասել է 70%-ի, ինչը շատ լավ նշան է: Նկատվում է նաև տեղաշարժի փոքր-ինչ նվազում, և ես կարծում եմ, որ այս ամենն ազդում է այն փաստի վրա, որ մինչ այժմ մենք նոր դեպքերի երկրորդ ուժեղ ցատկ չունենք: Եթե մենք ջանք թափենք և հետևենք առաջարկություններին և ցուցանիշը մոտավորապես պահպանենք այս սահմաններում, իհարկե, վիճակն անպայման հուսադրող կլինի», – ասել է Գամկղրելիձեն: