Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն է որակել, Ախալքալաքից ոմանք շտապեցին Սուրբ Խաչ եկեղեցու բակը՝ մոմ վառելու և մյուսների հետ իրենց խանդավառությունը կիսելու համար: Մարդիկ շտապում էին, քանի որ այսպես կոչված «պարետային ժամը» մոտենում էր։
20210424_213240
Երիտասարդները մոմ վառեցին անմիջապես եկեղեցու բակում՝ Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: Նրանք մտածում և ցանկանում էին ինչ-որ կերպ նշել իրենց ոգևորությունն ու երախտագիտությունը: Ոմանք փորձեցին մոմերով պատկերել 106, ոմանք էլ՝ ծաղիկներով, ի նշան այն բանի, որ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին մեծ քայլ է կատարվել համաշխարհային հանրության կողմից՝ ցեղասպանության ճանաչման խնդրի ուղղությամբ:
Նշենք, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Ռուսաստանը, ինչպես նաև տասնյակ այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ: