Արդեն 8 ամիս է, ինչ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը վերանորոգման փուլում է։ Պլանավորված է հետզհետե հիվանդանոցը հագեցնել նոր բժշկական սարքավորումներով։

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բոլոր բաժինները այժմ տեղավորված են շենքի մի մասում, քանի որ հիվանդանոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջերի խոսքերով, հիվանդանոցի սեփականատեր «Ալդագի» ընկերությունը, որն ընդամենը մեկ լարիով էր գնել հիվանդանոցը արդեն սկսել է կատարել իր վրա վերցրած պարտավորությունները։

Վերանորոգման աշխատանքներն իրակացնում է թբիլիսյան «Blok Georgia» կազմակերպությունը, որը հաղթել է հայտարարված տենդերը Սամցխե-Ջավախքի հիվանդանոցների վերանորոգման համար:

«Բավականին շատ բժշկական մասնագիտական սենյակներ արդեն վերանորոգված են։ Հուսով եմ, որ մինչև հունիս այս մասում ևս կավարտվի վերանորոգման աշխատանքները: Հին բժշկական տեխնիկան այլևս մեր հիվանդանոցում չենք օգտագործի։ Կունենանք նոր համակարգչային տոմոգրաֆիա, բժշկական սենյակները վերանորոգվել են բոլոր սանիտարահիգենիկ պահանջներին համապատասխան: Սկսել ենք քննարկել մասնագետների վերապատրաստման հարցը, որպեսզի մեր բնակչությանը չուղարկենք Թբիլիսի կամ Երևան։ Պատրաստվում ենք բացել ինֆեկցիոն և տուբերկուլյոզի բաժանմունքներ»,- ասաց Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը։

Հիվանդանոցում գոհ են կատարված վերանորոգման աշխատանքների որակից, սակայն դժգոհում են, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են դանդաղ։ Իսկ շինարարները բացատրում են, որ ֆինանսավորումը կատարվում է կենտրոնացված, և երբեմն նույնիսկ ուշացումով։

Հիշեցնենք, որ «Ալդագի» ընկերությունը, երբ շրջանային հիվանդանոցն ընդամենը մեկ լարիով գնեց, այդ ժամանակ ևս սկսեց վերանորոգման աշխատանքներ: Սակայն որոշ ժամանակ անց շինարարությունը դադարեցվեց, քանի որ կատարված աշխատանքը չէր համապատասխանում սահմանված չափանիշներին:

Վերջին տարիներին Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում անընդհատ վերանորգման աշխատանքներ են ընթանում։

bolnica1

Քրիստինե Մարաբյան