Եվրամիության աջակցությամբ վրացական օդանավակայաններում և ցամաքային սահմանային անցակետերում կներդրվի նույնականացման ժամանակակից համակարգ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Համակարգը վերահսկելու է ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող ուղևորների հոսքը, ինչը կապահովի անվտանգության բարձր մակարդակ», – հայտնում են նախարարությունից:
Սարքավորումը հանձնվել է «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոնին: Այն գնվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համակարգված:
ՄՄԿ-ն Վրաստանին աջակցում է՝ «Վրաստանում անվտանգության, հաշվետվողականության և հանցավորության դեմ պայքարի համար. Սահմանների ինտեգրված կառավարում» (SAFE-IBM) ծրագրի շրջանակներում։
Այս նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը Վրաստանի իշխանությունների հնարավորությունների ուժեղացումն է սահմանի և միգրացիայի կառավարման ոլորտում` ԵՄ-ի և Վրաստանի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրին համապատասխան:
Անցյալ շաբաթ Եվրամիությունն ավելի քան 3,3 միլիոն դոլար արժողությամբ 30 ամենագնաց մեքենա է նվիրել Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը: ԵՄ ֆինանսական աջակցությամբ ՄՄԿ-ն նախատեսում է ապագայում եւս մի քանի կարևոր նախագիծ իրականացնել Վրաստանում, այդ թվում` առափնյա պահակության արագ արձագանքման չորս պարեկային նավերի փոխանցումը: