Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութաիսիի միջազգային օդանավակայանն ընդունել է կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո առաջին կանոնավոր ուղևորային ավիաչվերթը: Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Ուշ գիշերով Վիլնյուսից ժամանած «Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում: Օդանավին դիմավորել են ջրային հրավառությամբ:
Քութաիսիի օդանավակայանը դադարեցրել էր կանոնավոր չվերթների ընդունումը 2020 թվականի մարտի 21-ից, երբ համավարակի պատճառով իշխանությունները արգելք էին սահմանել բոլոր ուղղություններով ավիաչվերթների իրականացման նկատմամբ: Ձմռանը այնտեղ վերսկսվել էին ակտիվ վերանորոգման աշխատանքներ: Նոր ուղևորային տերմինալը պատրաստվում էր շահագործման հանձնելու համար:
Նոր տերմինալը գոյություն ունեցող տերմինալից չորս անգամ մեծ է և ունի 7 ելք դեպի ավիավայրեջքի հրապարակ: Այժմ օդանավակայանը կարող է ժամում ընդունել 1,2 հազար ուղեւոր: Տերմինալի հայեցակարգային նախագիծը պատկանում է «UN STUDIO» հոլանդական ճարտարապետական ընկերությանը, ինչպես նաև ճարտարապետ-նախագծող Մարիամ Կառկարաշվիլիին:
Համավարակից առաջ Քութաիսիի օդանավակայանը Եվրոպայում երկրորդն էր ուղևորափոխադրումների աճի ցուցանիշով: Այնտեղից չվերթներն իրականացնում էին հիմնականում ցածրարժեք ավիաընկերությունները, իսկ «Wizz Air»-ն այնտեղ ուներ իր սեփական բազան:
Այս փուլում «Wizz Air»-ը պլանավորում է կանոնավոր չվերթներ իրականացնել Քութաիսիից դեպի Վիլնյուս, Վարշավա, Ռիգա և Դորտմունդ: Ակնկալվում է, որ հունիսից ավիաչվերթներն աստիճանաբար կվերսկսվեն դեպի Եվրոպայի ևս 13 ուղղություններ: