Վրացական գինին արտահանման գնով զբաղեցնում է 5-րդ տեղը, հաղորդում է Վրաստանի գինու Ազգային գործակալությունը:
Գործակալությունը հղում է անում գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (AAWE) կողմից հրապարակված վարկանիշը, համաձայն որի, 2014-2016 թթ.-ին Վրաստանի կողմից արտահանված մեկ լիտր գինու միջին արժեքը կազմել է 3.49 ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշով վրացական գինին գնային վարկանիշում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Առաջին տեղում Ֆրանսիան է 2014-2016 թթ.-ին Ֆրանսիական գինիների միջին արտահանման գինը մեկ լիտրի համար կազմել է 6,59 ԱՄՆ դոլար, հետո Նոր Զելանդիան` 5,39 ԱՄՆ դոլար, երրորդը ԱՄՆ-ն` 3,68 ԱՄՆ դոլար, չորրորդը Ավստրիան` 3,51 դոլար:
Վրաստանից ցածր գնային վարկանիշում գտնվում են` Խորվաթիան` 3.41 դոլար, Արգենտինան` 3.11 դոլար, Պորտուգալիան` 3.07 դոլար, Գերմանիան` 3.06 դոլար, Իտալիան` 3.06 դոլար և այլն:
Վրաստանի ազգային գինու գործակալության ներկայացուցիչ Իրակլի Չոլոբարգիայի տվյալներով, այս վարկանիշը վկայում է վրացական գինու բարձր որակի մասին: