Ապրիլի 14-ին քաղաքացիների առաջին խումբը` 20 հոգի, Վրաստանից կմեկնի Գերմանիա` գյուղատնտեսական աշխատանքներում աշխատանքի տեղավորվելու նպատակով:
Առողջապահության նախարարության Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի պետ Գիորգի Բունթուրիի խոսքով, այսօր գրանցված է Վրաստանի շուրջ 98 000 քաղաքացի, ովքեր ցանկանում են օրինականորեն աշխատանք գտնել Գերմանիայում: Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ մեծ թվով դիմորդներ մաղվում են հարցազրույցի փուլում:
«Ընտրության և հարցազրույցի գործընթացը բավականին ակտիվ է ընթանում, դիմորդների ցանկն արդեն ուղարկվել է Գերմանիա, սա կլինի աշխատանք գյուղատնտեսության ոլորտում: Զուգահեռաբար, այս գործընթացը կշարունակվի այլ թափուր աշխատատեղերի ուղղությամբ, իսկ մեր քաղաքացիները մշտական հիմունքներով կուղարկվեն Գերմանիա: 98 հազարը բավականին բարձր ցուցանիշ է, բայց իրականում աշխատանք փնտրողները շատ ավելի քիչ են: Հարցազրույցի փուլում դա ցույց տվեց պրակտիկան», – հայտարարել է Գիորգի Բունթուրին:
Թե ինչպես է Ախալքալաքում անցնում ընտրման փուլը՝ կարդացեք JNEWS-ի հաջորդ նյութում: