Վրաստանի կառավարությունը կհատկացնի մինչև 10 միլիոն լարի (ավելի քան 3.2 միլիոն դոլար) Աբասթումանի աստղադիտարանի վերանորոգման աշխատանքներն ավարտելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Եվգենի Խարաձեի անվան աստղաֆիզիկական աստղադիտարանի և 1982 թվականին կառուցված ճոպանուղու վերականգնման աշխատանքների հիմնական մասը ավարտվել է 2020 թվականին: Ղարիբաշվիլին այցելել է Աբասթումանի և զննել հաստատությունը: Կրթության նախարարության ղեկավար Միխեիլ Չխենկելին և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն վարչապետին տեղեկացրել են աստղադիտարանում իրականացվելիք ծրագրերի մասին:
Չխենկելին հայտնել է, որ մոտ ժամանակներս աստղադիտարանում կստեղծվի միջազգային վերահսկիչ խորհուրդ: Նրա խոսքով՝ նոր ղեկավարները կօգնեն աստղադիտարանին իր տեղը զբաղեցնել միջազգային հարթակում: Միաժամանակ, Տարածքային զարգացման նախարարությունը պատասխանատու կլինի կենտրոնական աստղադիտակի վերանորոգման և թվային թանգարանի ստեղծման համար:
Աբասթումանիի աստղադիտարանը, որը հիմնադրվել է 1932 թվականին, հայտնի է ամբողջ աշխարհում: Դրա բազայում ավելի քան 80 տարի է կատարվում են գիտական հետազոտություններ ու աստղագիտական դիտարկումներ:
Առողջարանային Աբասթումանի քաղաքի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ: Նախատեսվում է ընդհանուր առմամբ ավելի քան 315,1 մլն լարի (մոտ 100 մլն դոլար) ծախսել այնտեղ ենթակառուցվածքների զարգացման վրա: Մոտ 49,6 մլն լարի (ավելի քան 15 մլն դոլար) արժողության աշխատանքներն արդեն ավարտված են: