նորություններ 24 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում   14 թեկնածու անցել է ընտրության երկրորդ փուլ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից հայտարարված վճարովի ստաժավորման ծրագրի շրջանակներում չորս հաստիքի համար դիմել է մոտ 40 մարդ։ Հայտերի ուսումնասիրությունից հետո ընտրության երկրորդ փուլ՝ հարցազրույցի, է անցել 14 թեկնածու։ Հարցազրույցի արդյունքներով հանձնաժողովը կընտրի երեք ստաժորի։

Սեպտեմբերի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը պետական վճարովի ստաժավորման ծրագրի շրջանակներում չորս թափուր հաստիքի համար մրցույթ էր հայտարարել։ Հայտերի ընդունումը շարունակվել է մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մոտ 40 հայտ։

Դիմողների թվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտներ և վերջին կուրսերի ուսանողներ։ Հայտեր են ներկայացրել նաև երիտասարդներ Վրաստանի այլ շրջաններից։

Քաղաքապետարանում հայտարարված էին հետևյալ թափուր հաստիքները՝

  • Իրավաբանական ծառայության մասնագետ,
  • Գնումների ծառայության մասնագետ,
  • Վարչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ծրագրավորող,
  • Տնտեսական ծառայության մասնագետ։

Ինչպես հայտնեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գործավարության և կադրերի բաժնի ղեկավար Նորա Պապոյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի ծրագրավորողի թափուր հաստիքը կչեղարկվի, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի համապատասխանել սահմանված պահանջներին։

«Մեզ մոտ ծրագրավորող-ստաժավոր չի լինի, իսկ մյուս երեք հաստիքների համար ունենք մեր պահանջներին համապատասխանող ստաժորների թեկնածուներ։ Հաջորդ շաբաթ նրանց կհրավիրենք հարցազրույցի և կընտրենք։ Մոտավորապես երկու թափուր հաստիքի համար ստացվել է 12-ական հայտ, մյուսների համար՝ 7 և 9 հայտ», — ասել է Նորա Պապոյանը։

Ընտրության առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ է անցել 14 մարդ։ Հաջորդ շաբաթ թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որից հետո հանձնաժողովը կընտրի երեք հոգու, որոնք կընդգրկվեն ստաժավորման ծրագրում։

Պետական վճարովի ստաժավորման ծրագիրն իրականացվում է Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ՝ 2024 թվականից։ Դրա հիմնական նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին տարիների շրջանավարտներին պետական հաստատություններում աշխատանքային գործնական փորձ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելը։ Իշխանությունները նշում են, որ ծրագիրը նաև նպատակ ունի երիտասարդ մասնագետներին ներգրավել պետական հատված։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝