«Համերաշխություն» հասարակական շարժումը պահանջում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվի կարանտինի ու մեկուսացման կանոնները խախտելու համար:

Ապրիլի 5-ին նախագահի վարչակազմը հաղորդել էր, որ Զուրաբիշվիլին գտնվում է ինքնամեկուսացման մեջ, քանի որ նա շփվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Ուրբաթ օրը Նախագահը տարեկան զեկույցով էր հանդես եկել Վրաստանի խորհրդարանում՝ 1989 թ. ապրիլի 9-ի ցույցը ցրելու զոհերի հուշահամալիրին ծաղիկներ խոնարհելուց հետո:

«Համերաշխություն» շարժման ներկայացուցիչները կարծում են, որ Զուրաբիշվիլին վարչական իրավախախտում է կատարել, երբ հայտնվել է մարդաշատ վայրում՝ չսպասելով մեկուսացման ութօրյա ժամկետի ավարտին:

«Այն ժամանակ, երբ երկրում հազարավոր քաղաքացիներ տուգանվում են 2000 լարիով, շատերի հաշիվներն առգրավված են և նրանք պարզապես չեն կարող վերցնել իրենց աշխատավարձերը, Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, իհարկե, պետք է տուգանվի», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Համերաշխության» ներկայացուցիչ, Վրաստանի Լեյբորիստական կուսակցության անդամ Լաշա Չխարտիշվիլին:

Նա հավելել է, որ վերջին ամիսներին կարանտինի սահմանափակումների խախտումները բազմիցս դարձել են տարբեր երկրների պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կամ նույնիսկ նրանց պաշտոնանկության պատճառ:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը` «Վարչական իրավախախտումների օրենսգրքի» 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձանց համար 2 հազար լարիի, իսկ իրավաբանական անձանց համար` 10 հազար լարիի չափով տուգանք: Կրկին ամգամ խախտումը արդեն անցնում է Վրաստանի Քրեական օրենսգրքի ենթակայության տակ: