«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներ Դավիթ Բաքրաձեն և Գիգի Ուգուլավան պաշտոնապես լքել են ընդդիմադիր կուսակցության շարքերը:
Բաքրաձեն զբաղեցնում էր «Եվրոպական Վրաստանի» նախագահի պաշտոնը, իսկ Ուգուլավան՝ գլխավոր քարտուղարի: Նրանք իրենց ծրագրերի մասին հայտարարել էին դեռ փետրվարին: Հիմա երկուսն էլ հաստատել են իրենց մտադրությունները: Այսօր տեղի կունենա «Եվրոպական Վրաստանի» հավաքը, որի ընթացքում կընտրվի կուսակցության նոր քաղաքական ղեկավարությունը:
Ոչ Բակրաձեն, ոչ էլ Ուգուլավան չեն մասնակցի համագումար նիստին: Երկու քաղաքական գործիչներն էլ իրենց որոշումը բացատրում են 2020-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում «Եվրոպական Վրաստանի» թույլ արդյունքներով: 9-րդ օրենսդիր մարմնում 21 տեղ ունեցող կուսակցությունը չկարողացավ պահպանել իր դիրքերը: Տասներորդ գումարման խորհրդարանում «Եվրոպական Վրաստանը» ստացավ ընդամենը հինգ մանդատ:
«Չնայած իշխանությունների կողմից 2020 թ. Խորհրդարանական ընտրությունների կոպիտ և ակնհայտ կեղծմանը, մեր ցույց տված արդյունքը շատ հեռու էր մեր ուզածից, ինչը հստակ ցուցիչ է, որ կուսակցությունը կարիք ունի հիմնարար թարմացումների և բարեփոխումների, այդ թվում՝ առաջնորդների առումով, նոր անձանց առաջ քաշելու և այլ կուսակցությունների հետ նոր քաղաքական կազմաձևերում ընդգրկվելու առումով», – գրել է Բաքրաձեն իր ֆեյսբուքյան էջում:
Իր հերթին, Գիգի Ուգուլավան նշել է, որ վերջնականապես որոշել է դուրս գալ կուսակցությունից, երբ հասկացել է, որ «Եվրոպական Վրաստանը» թարմացման ռեսուրսներ չունի: Միևնույն ժամանակ, Ուգուլավան չի թաքցնում, որ «Եվրոպական Վրաստանի» քաղաքական խորհրդի ղեկավար Գիգա Բոկերիայի հետ թիմի ապագայի վերաբերյալ բոլորովին այլ տեսակետներ ուներ:
«Կուսակցությանը պետք է թարմացում, թարմացում, որը ենթադրում է ժառանգում, ընդլայնում, և իհարկե, դրա կատարելագործում, և ոչ թե ընդդիմանալ անցյալին կամ հրաժարվել դրանից: Շատ եմ ցավում, բայց կուսակցության ընտրած ուղին այժմ ավելի շատ նման է շարժման դեպի անցյալ, քան դեպի ապագա», – գրել է Ուգուլավան իր ֆեյսբուքյան էջում:
Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա ինչպես Ուգուլավան, այնպես էլ Բաքրաձեն ասում են, որ իրենք դեռ չեն պատրաստվում անդամակցել որևէ կուսակցության, բայց կշարունակեն ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ՝ իրենց ընդդիմադիր գործունեությամբ:
««Եվրոպական Վրաստանը» լքելուց հետո ես կուսակցական դադար եմ վերցնում, բայց մնում եմ քաղաքական և ընդհանուր ընդդիմության պայքարում: Որպես այս երկրի քաղաքացի և որպես քաղաքական գործիչ՝ ես ամեն ինչ անելու եմ, որ Վրաստանը լինի ժողովրդավարական, տնտեսապես ուժեղ, ազատ և եվրոպական պետություն», – գրել է Բաքրաձեն:
Ըստ «Մթավարի» հեռուստաընկերության, այլ ղեկավարներ, այդ թվում՝ Իրմա Նադիրաշվիլին, Գոգա Գաբաշվիլին, Լեւան Թարխնիշվիլին, Գիվի Թարգամաձեն և այլոք, նույնպես կարող են հեռանալ «Եվրոպական Վրաստանի» շարքերից: Պաշտոնապես այդ մասին հայտնի կդառնա համագումար նիստից հետո:
«Եվրոպական Վրաստան – Հանուն ազատության» շարժումը հիմնադրվել է 2017 թվականին մի քանի քաղաքական առաջնորդների կողմից, ովքեր խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո լքել էին «Միասնական ազգային շարժումը»: Իր հիմնադրման օրվանից Դավիթ Բաքրաձեն «Եվրոպական Վրաստանի» նախագահն էր: 2018-ին նա կուսակցության կողմից առաջադրվեց նախագահական ընտրություններում և 10,97% ձայնով հայտնվեց երրորդ տեղում:
2020 թ.-ի աշնանը «Եվրոպական Վրաստանը» առաջին անգամ ինքնուրույն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Ըստ պաշտոնական տվյալների, կուսակցությունը ստացել է ձայների 3.79%-ը: