Մարտուն Ուստյանի մոր խոսքով՝ իր տղայի վիճակը նորմալ է, ամեն օր թույլատրվում է մի քանի րոպե այցելել որդուն: Խոստացել են նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել պալատ վաղը կամ մյուս օրը, հիվանդանոցից դուրս գրվելու մասին դեռ խոսք չկա:

«Հիմա ես գնում եմ նրան տեսակցելու: Նրանք անընդհատ սիստեմ են միացնում նրան: Բայց բժիշկներն ասում են, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, վիրահատությունը հաջող է անցել: Մենք դեռ այստեղ կմնանք, դուրս գրվելու մասին դեռ խոսք չկա», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Զարուհի Ուստյանը։

Հուլիսի 3-ին Բաթումիում տեղի էր ունեցել կոնֆլիկտ: Միջադեպի արդյունքում վիրավորվել էին ոստիկանը և Գոման գյուղի բնակիչ, 11-րդ դասարանի աշակերտ Մարտուն Ուստյանը: Կոնֆլիկտի մասնակից երիտասարդների պատմածների համաձայն, այն տեղի է ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև՝ ազգային հողի վրա: Կոնֆլիկտի ընթացքում Մարտուն Ուստյանին դանակով հարվածել է ստամոքսի մասում՝ կոնֆլիկտի մասնակից Ադրբեջանի քաղաքացին, որը բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ «դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառել»: