«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, թե ինչպիսին կլինի ապրիլի 19 -ի համաձայնագրի այն կետերի ճակատագիրը, որոնց իրագործումը դեռ չի սկսվել կամ չի ավարտվել:
Նրա խոսքով, դատական և ընտրական բարեփոխումների հետ կապված փոփոխությունները կիրականացվեն առանց որևէ համաձայնության:
«Դեռ ապրիլի 19-ից առաջ՝ մինչ փաստաթղթի ստորագրումը, մենք հայտարարել էինք, որ դատական և ընտրական բարեփոխումների հետ կապված փոփոխությունները կկատարվեն առանց որևէ համաձայնության: Հետեւաբար, այս գործընթացը կշարունակվի: Դատական համակարգի բարեփոխումները կավարտվեն մինչև հաջորդ ամառ, և սահմանադրական փոփոխությունները կքննարկվեն ու կընդունվեն: Համաներման մասին օրենքը վերջնական տեսքը կստանա աշնանը: Ընդդիմադիր կուսակցությունների միջև պատասխանատվությունը կբաշխվի լուրջ քաղաքական խորհրդակցությունների հիման վրա, ինչը կհաստատի կառուցողական համագործակցության պատրաստակամությունը», – հայտարարել է Կոբախիձեն:
Նա նաեւ հայտարարել է, որ այսուհետ փաստաթղթում ամրագրված արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը կախված կլինի իշխանությունների բարի կամքից:
«Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցին, ապա կոալիցիոն կառավարության առողջ ավանդույթի ձևավորումը և կառավարության համար պատասխանատվության փոխանցումը այլ քաղաքական կուսակցություններին՝ եվրոպական լավագույն փորձն է, և «Վրացական երազանքը» դրան աջակցում է:
Ուստի մենք պատրաստ ենք, բարի կամք դրսևորելով՝ նշանակել արտահերթ ընտրություններ, բայց ոչ միայն 43%-ով, այլ նույնիսկ եթե 53% ձայն չստանանք, իսկ եթե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների վարքագծում մենք տեսնենք [նշանները], որ մեր քաղաքական համակարգը հասուն է արդյունավետ կոալիցիոն կառավարության և նման ռեժիմի համար, և դա չի վնասի երկրի շահերին: Այս դեպքում արտահերթ ընտրությունները կնշանակվեն մեր բարի կամքով՝ եվրոպական զարգացած երկրներում հաստատված սահմանադրական պրակտիկային համապատասխան», – ասել է Իրակլի Կոբախիձեն: