Կորոնավիրուսը ներթափանցեց մարդկանց առօրյա կյանք՝ դրանում փոխելով շատ բան: Սահմանափակումներով նոր կյանքի ընկալումը Վրաստանի տարբեր վայրերում տարբեր էր: Ջավախքում կորոնավիրուսն ազդեց մի շարք ավանդույթների և գավառական սովորույթների վրա և որոշ փոփոխությունների ենթարկեց: JNEWS-ը առանձնացրել է Ախալքալաքում համավարակի «ստեղծած» մի քանի առանձնահատկություն:

2020 թվականը տարի էր, որը փոխեց ամեն ինչ` մարդկանց կենցաղից մինչև համաշխարհային տնտեսություն՝ մի քանի շաբաթում բնականոն դարձնելով այն, ինչ դեռ մեկ օր առաջ անհնար էր թվում:

«Խմբագրված» հարսանիքներ

Ջավախքահայության բնորոշ ավանդույթներից է հնարավորինս ճոխ հարսանիք անելը: Եթե մինչ կորոնավարակը Ջավախքում ամենափոքրաթիվ հարսանիքին մոտ 250 մարդ էր մասնակցում: Հիմա այդպես չէ, մարդիկ ստիպված են լինում մի քանի անգամ ցուցակները վերանայել ու կրճատել հյուրերի քանակը, որպեսզի տեղավորվեն՝ կամ տանը, կամ փոքրիկ ռեստորանում: Ամեն դեպքում՝ «ինչպես կարելի է իմ տղային հարսանիք չանել» սկզբունքը ոչ բոլորն են շրջանցում:

Համաճարակի սկզբում որոշները հետաձգեցին հարսանիքները, այն հույսով, որ շուտով ամեն ինչ կվերջանա: Սուսաննան ու Վահեն 2019 թվականի դեկտեմբերին են նշանադրվել, նրանք պատրաստվում էին հարսանիքի, նույնիսկ օրն էին ընտրել, սակայն կորոնավիրուսը չեղարկեց նրանց երազած հարսանիքը: Ի վերջո նրանք հարսանիք ունեցան, բայց այն համեմատել չի կարելի նրանց պատկերացրածի հետ: Վահեի մայրը մինչև հիմա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որի իր մինուճար որդուն «իսկական» հարսանիք չի արել:

«Պատրաստվում էինք, որ ապրիլին հարսանիք անենք, բայց վիրուսի պատճառով արգելեցին: Ճիշտ է եղան մարդիկ, որ արեցին, կեսին տուգանեցին, կեսին՝ չէ, մենք էլ օրինապաշտ մարդիկ չարեցինք, մտածելով, որ տարեվերջ ամեն ինչ կկարգավորվի, բայց տեսնում եք երկու տարի անցավ, բայց բան չփոխվեց»,- պատմում է Մարինա Մկոյանը:

Վահեի ու Սուսաննայի հարսանիքը կտրուկ տարբերվեց, որին մասնակցել են սակավաթիվ մարդիկ՝ հիմնականում ամենամոտ բարեկամները: Նրանց հարսանիքի ամենահիշվող պահը հարսանեկան լուսանկարներ են: Սուսաննան սպիտակ զգեստ հագել է հատուկ լուսանկարվելու համար, որոշել են գոնե այդպես գեղեցկացնել և իրենց միության օրը հիշարժան դարձնել: Կորոնավիրուսի մեկնարկից հաշված ամիսներ անց հարսանեկան լուսանկարները պահանջված ու մոդայիկ դարձան:

2020 թվականի մարտի 21-ից պաշտոնապես փակվեցին հանդիսությունների սրահը, բայց մարդիկ շարունակեցին հարսանիք անել, ճիշտ է ոչ մասշտաբային ու այդքան ճոխ: Հարսանյաց սրահներին փոխարինելու եկան սեփական տները: Մինչ 2000-ական թվականները Ջավախքում հարսանիքները կամ վրանների տակ էին անում կամ սեփական տներում: Նույնիսկ տուն կառուցելիս հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ մեծ դահլիճ ունենան, որպեսզի որևէ արարողության ժամանակ խնդրի առջև չկանգնեն: Բայց ժամանակի և կենսապայմանների բարելավման հետ մարդիկ սկսեցին հարսանիքները մեծ ու գեղեցիկ դահլիճներում նշել:

Ախալքալաքում հարսանիքները կտրուկ կրճատվեցին: Անգործ մնացին թամադաները, երաժիշտները և հարսանիքներին տարբեր շոուներ իրականացնողները: Թամադան, ով նախկինում հարսանիքների սեզոնին ոչ մի ազատ օր չուներ, ասում է՝ հարսանիքները կրճատվել են 100 տոկոսով:

Կորոնավիրուսի պայմաններում բառի դասական իմաստով հարսանիք չեն նշում, այն այսօր ընկալվում և նշվում է, որպես կնոջ և տղամարդու միություն: Հարսը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սպիտակ շոր է հագնում, բայց ոչ հարսանեկան, երաժշտություն հնչում է, բայց ոչ կենդանի, մարդիկ պարում են, բայց պահպանելով որոշակի հեռավորություն, իսկ հարսանիքի հրավիրվում են ամենամոտ բարեկամներին:

Եվ, որ ամենագլխավորն է՝ հարսանիքն անցնում է «գաղտնի» պայմաններում, որպեսզի հանկարծ չիմանան ու չտուգանեն: Բայց մարդիկ կան, որոնք ուզում են ջավախքյան ավանդույթներով՝ ամեն մի ծիսակարգ պահպանելով հարսանիք անել, նրանք հատուկ գնում և նշում են՝ կամ Երևանում, կամ Մոսկվայում:

Վրաստանում 2020 թվականի մարտ ամիսից մինչև 2021 թվականի մարտ, ռեստորանների, հարսանյաց սրահների գործնեությունն արգելվում էր: Սահմանափակումների մեղմացումը չէր նշանակում, որ մարդիկ կարող են բազմամարդ տարբեր միջոցառումներ անցկացնել, որովհետև, ըստ օրենքի՝ հավաքների ընթացքում մարդկանց քանակը չպետք է գերազանցեր 10 հոգին: Բայց «բարի ոստիկանները» իրենց ծանոթներին ու ընկերներին խորհուրդ էին տալիս հարսանիք անել առանց երաժշտության և հարսանեկան շորի, հնարավորության սահմաններում՝ առանց աղմուկի: Սակայն, երբ համաճարակային վիճակը կտրուկ վատացավ և սահմանափակումները խստացվեցին «բարի ոստիկանների» նախազգուշացումները, որ չի կարելի հարսանիք անել, արդեն լուրջ չէր ընդունվում:

Ի վերջո սահմանափակումների մեղմացումից 5 ամիս անց, 2021 թվականի օգոստոսին՝ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Ախալքալաքում մի հանդիսությունների սրահի սեփականատիրոջ տուգանեցին՝ մեկուսացման և կարանտինի կանոնների կրկնակի խախտման պատճառով:

Կորոնավիրուսային համավարակի պատճառով Վրաստանում արգելվում է հարսանիքներ, հոգեհացեր, մկրտություններ և ծննդյան օրեր անցկացնել՝ ոչ ավելի, քան 10 հոգով: Համաճարակաբանները ենթադրում են, որ այս արգելքի պարբերաբար խախտումը երկրում COVID-19-ով հիվանդացության կտրուկ աճի պատճառներից մեկն է հանդիսանում: Չնայած ասվում էր, որ հարսանիքի հյուրերը նույնպես վարչական պատասխանատվության կենթարկվեն, Ախալքալաքում ոչ ոք չի տուգանվել հարսանիք կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար: Իսկ հարսանիքներ անցկացնող բազմաթիվ սրահներից տուգանվել է միայն մեկը:

Հուղարկավորություններ

Հանգուցյալի դին հողին հանձնելու կարգն ու մահվան հանդեպ մարդկանց վերաբերմունքն արտահայտող սովորույթները շրջաններում տարբեր են։ Ջավախքում հանգուցյալի հոգու հանգստության համար կատարվող մի շարք արարողություններ՝ հոգեհանգիստ, հոգեհաց, յոթ, քառասունք, տարի և այլն մեզանում պահպանվում են խստագույնս: Չնայած կորոնավիրուսի թելադրած օրենքներին, միևնույն է մեզանում շարունակում են բազմամարդ թաղումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգուցյալը մահացել է կորոնավարակից:

Ճիշտ է, հոգեհաց քաշում են, բայց տներում, ինչի հետևանքով մարդիկ ավելի շատ են տանջվում, ավելի սերտ շփում են ունենում միմյանց հետ: Օրինակ. եթե արարողությունների տանը մարդիկ կարող են սոցիալական հեռավորությունը պահպանել, ապա տներում դա բացառված է, մարդիկ փոքր սենյակների մեջ, իրար գիրկ նստած մի կերպ տեղավորվում են: Այսինքն՝ այս սահմանափակումը վարակը տարածումը ոչ թե նվազեցնում է, այլ ընդակառակը՝ խթանում: Ճիշտ է, հիմա ավելի քիչ մարդիկ են գնում հոգեհացի:

Տիկին Արփենիկի սկեսուրը երկու ամիս առաջ է մահացել: Նրա խոսքով, ամեն կարգ պահպանել են, միան հոգեհացը գյուղի արարողությունների տանը չեն քաշել, քանի որ օրենքով արգելվում է:

«Ամեն ինչ մեր ադաթներով ենք արել՝ թաղում, յոթ, շաբաթ, քառասունք: Հոգեհաց էլ ենք քաշել, բայց փոքրաթիվ մարդիկ են ներկա գտնվել: Թույլ չտվեցին, որ արարողությունների տանը անենք, մենք էլ ստիպված եղանք հարևանի տունը դատարկել և այնտեղ սեղաններ գցել, շատ տանջվեցինք, ամանեղեն, սեղաններ ու աթոռներ բերեցինք, մի քիչ էլ իրար մոտ-մոտ նստան տեղավորվեցին: Տան պայմաններում ամեն ինչ դժվար է, բայց չէինք կարող չանել, մեր ծեսերով, պետք է հաց քաշես, որ մահացածի հոգին հանգստություն գտնի»,- պատմում է Արփենիկ Այվազյանը:

«Աղմուկ հանած» հուղարկավորություն չի եղել, որից հետո Ախալքալաքում կորոնավիրուս է տարածվել, կամ ծայրահեղ դեպքում այդ մասին հայտնի չէ: Օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ մի դեպք եղել, որ հուղարկավորության է եկել բարեկամը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Իհարկե, մարդկանց մեջ տարածվեց, որ ամբողջ գյուղը հիվանդացել է, բայց դրա հետևանքով 2-3 մարդ էր վարակվել՝ մահացածի ընտանիքի անդամներից:

2020 թվականին Ախալքալաքի շրջանում մահացել է 494 մարդ, նրանցից քանիսն է կորոնավիրուսի պատճառով մահացել՝ բարդ է ասել: Սակայն համավարակի ամբողջ ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում 107 մարդ է մահացել:

Կորոնավարակի պատճառով, շատ մարդիկ չեն կարողանում Ջավախք գալ և մասնակցել նույնիսկ ամենամոտ հարազատների հուղարկավորությունը, իսկ նրանք ովքեր կարողանում էին, անցնում էին մի շարք խնդիրների միջով: Առավել բարդ էր, կամ նույնիսկ անհնարին 2020 թվականին, կարանտինի, թեստի, այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով: Բոլորին է հայտնի, որ ջավախքցիները տնտեսական ու բարեկամական ամուր թելերով կապված են Հայաստանի ու Ռուսաստանի հետ: Արդյունքում, Ջավախքում եղան դեպքեր, երբ աղջիկը կամ որդին չմասնակցեց ծնողի հուղարկավորությանը, եթե մինչ կորոնավարակը դա իսկական խայտառակություն կլիներ, ապա հիմա այն քիչ թե շատ նորմալ է ընդունվում:

Փակ սահմանները շրջանցող ուղիները

2020 թվականի մարտի 16-ից մինչև 2021 թվականի հունիսի 1-ը Վրաստանի սահմանները փակ էին, բացառությամբ նրանց համար, ովքեր մուտքի կամ ելքի հատուկ թույլտվություն ունեին: Արդյունքում, սա բազմաթիվ խնդիրներ ստեղծեց Վրաստանի բնակիչների համար: Տղամարդիկ, ովքեր չկարողացան գնալ աշխատանքի, ստիպված էին վարկ կամ պարտք վերցնել իրենց ընտանիքի գոյատևան համար: Սակայն, երբ արտերկրում աշխատանքի մեկ սեզոն ավարտվեց, և մոտենում էր երկրորդը, մարդիկ այլևս չէին կարող տեղում մնալ: Արդյունքում գտնվեցին երկրից դուրս գալու անօրինական ուղիներ:

Ա.Ս.-ն (պատասխանողը Jnews-ի հետ զրուցել է գաղտնիության պահպանման պայմանով) մինչև 2020 թվականի ավարտը կուտակել էր շատ պարտքեր և վարկեր: Ընտանիքը եկամուտ չուներ: Տեղում աշխատանք գտնելու փորձերը հաջողության չհասան: Աշնանը նա իմացավ, որ մի ուղի կա, որով կարող էր հասնել Ռուսաստան: Այն ​​մարդիկ, ովքեր նրա փաստաթղթերն են պատրաստել են, նա չի ճանաչում և նույնիսկ չի հանդիպել նրանց հետ: Ամեն ինչ արվել է միջնորդների միջոցով: Արդյունքում, ըստ փաստաթղթերի, նա մեկնել է Ռուսաստան՝ ծնողներին խնամելու, չնայած այնտեղ նա ծնողներ չուներ: Նա շատ էր վախենում, քանի որ ամեն ինչ կարող էր պատահել, բայց «այլ ելք չկար»:

Վախից բացի կար և մեծ գին: Անօրինական ճանապարհով Ռուսաստան հասնելը մարդկանց վրա նստում էր մոտավոր 2500 լարի: Մարդիկ անօրինական կերպով Միսկով Ռուսաստան էին մտնում, նույնպես բավականին մեծ գումարների դիմաց: Վրաստանից դուրս գալ կարողանում էին միայն նրանք, ովքեր տեղի բնակիչ էին, բայց Հայաստանի քաղաքացիություն ունեին: Ի վերջո Ա.Ս.-ն հասավ Մոսկվա սեզոնային աշխատանքի:

Վրաստան ևս մտնում էին անօրինական ուղիներով: Երկիր մտնելու թույլտվություն ոչ բոլորն էին կարողանում ստանալ հյուպատոսարանից, և շատերը չգիտեին, որ օրինական ճանապարհով երկիր մտնելու հնարավորություն կար: Իսկ նրանք, ովքեր գիտեին, շատ հաճախ չէին կարողանում կապ հաստատել: Հյուպատոսարանի հեռախոսները մշտապես զբաղված էին ցույց տալիս:
Ցանկացած գնով Վրաստան էին ուզում գալ նրանք, որոնց ծնողները կամ այլ հարազատները գտնվում էին ծանր վիճակում՝ հիվանդանոցում, կամ նրանք, ովքեր փորձում էին ներկա գտնվել հարազատների հուղարկավորությանը: Անօրինական սահմանը հատելու տարբերակներից էր բեռնատարի «վարորդ դառնալ» և ապրանքներ երկիր ներմուծել, ինչն արգելված չէր: Այնուամենայնիվ, հաճախ այդ ապօրինի փաստաթղթերի հետ կապված խնդիրներ էին առաջանում, և երկիր մուտք գործել հնարավոր չէր, իսկ շատերին հաջողվում էր գալ և գնալ այս ճանապարհով:

«Պարետային ժամ» կամ նորահարսերի երազանքը

Վրաստանում մեկ տարուց ավելի գործեց «պարետային ժամը»: Սկզբնական շրջանում մարդիկ ամեն օր սպասում էին, որ վաղը կամ մյուս օրը կվերացվի այս սահմանափակումը: Մարդիկ կային, ովքեր լուրջ չէին ընդունում և փողոց էին դուրս գալիս և տուգանվում մինչև 2000 լարի: Ներքին գործերի նախարարության տվյալներով, մարտի 21-ից մինչև մայիսի 22-ը ներառյալ Վրաստանում 4 820 մարդ է տուգանվել այսպես կոչված «պարետային ժամը» խախտելու համար: Ճիշտ է, այդ տուգանքները հետագայում չեղարկվեցին, բայց շատերը հոգեբանական մեծ սթրես էին ապրում, ինչպես կարելի է, այն էլ Ախալքալաքում երեկոյան ընկերներով չհավաքվել, կամ չգնալ բարեկամի տուն, մի խոսքով չշփվել:

Նույնիսկ դա պատկերացնելը բարդ էր, բայց մարդիկ ի վերջո հարմարվեցին: Իրավիճակն այնքան զավեշտալի էր, երբ երկոյան ժամը 9-ն էր մոտենում բոլորը աներևակայելի արագությամբ՝ փողոցից, բարեկամի ու հարևանի տնից, խանութից ու դեղատնից տուն էին շտապում: Հետաքրքրական է, որ քաղաքի փողոցներում մարդիկ շարունակում էին մեքենաներով երթևեկել պարետային ժամերին, բայց եթե վարորդը հեռվից նշմարում էր ճանապարհային ոստիկանության մեքենան, ապա տվյալ օրինախախտը մեքենայի լույսերն արագ անջատում էր, այն կանգնեցնում և տարածքից անհետանում:

Իսկ գյուղերում որոշ երիտասարդներ միևնույն է հավաքվում էին մեկի տանը, և շատ ուշ ժամի ցրվում, երբ գյուղը խորը քնի մեջ էր, իսկ շրջիկ ոստիկանությունը գյուղում չէր երևում: Երիտասարդները յուրաքանչյուր դետալ հաշվի էին առնում, որպեսզի «չբռնվեն», այն տանը, որտեղ հավաքում էին, պատուհաններին բարձ էին տեղադրում, որպեսի դրսից չնկատվեր, որ ներսում մարդիկ են հավաքված:

Արմեն Մկոյանը, ով մինչև կորոնավիրուսը ինքն իրեն չէր պատկերացնում, որը գիշերվա ժամը 12-ից շուտ կարող էր տուն գնալ, այսօր ուրախ է, որ «ճանաչում է» տնեցիներին:

«Ես գյուղում եմ ապրում, մեր սովորույթները տարբեր են, մենք հատկապես ձմռան ամիսներին երեկոյան ժամերին գյուղի ջահելներով հավաքվում էինք դրսում, կովիդի ժամանակ արգելեցին: Սկսեցինք տանը մնալ, և հայտնի անեկդոտի նման պարզվեց, որ տնեցիք լավ մարդիկ են: Ես մինչ այդ չէի տեսնում, թե որդիս ոնց է քնում, ինչ է անում երեկոյան ժամերին, դա չակերտավոր ասած լավ տղային չէր սազում: Հիմա արդեն բոլորս ենք հասկանում, որ դա նորմալ է»:

Իսկ երիտասարդ հարսները կատակում էին, որ կոլեկտիվ նամակ են գրելու կառավարությանը, որպեսզի «պարետային ժամը» ընդհանրապես չվերացվի՝ երջանիկ էին, որ իրենց ամուսինները շուտ էին վերադառնում տուն:

Կորոնավիրուսի պարգևած հպարտությունը

Երբ 2020 թվականի փետրվարից Վրաստանում սկսվեցին գրանցվել կորոնավիրուսի եզակի դեպքեր, վարակից մահացությունը շատ քիչ էր, Վրաստանը առավելագույն դրական ցուցանիշներն էր գրանցում: Ջավախքի հայությունը շատ քիչ անգամներից էր, որ առանձնակի հպարտություն էր զգում, որ Վրաստանի քաղաքացի են և առավելագույնս՝ պաշտպանված:

Ջավախքում ապրող հայերը, չլինելով երկրում ինտեգրված, հազվադեպ էին հպարտանում Վրաստանի իշխանությունների որևէ նվաճումով, կամ, օրինակ. Վրաստանի մշակույթի և սպորտի ներկայացուցիչների ձեռքբերումներով, եթե նրանք չէին ճանաչում այդ մարդկանց: Սակայն համաճարակի սկզբում «կանաչ կարգավիճակը» և անվտանգության վստահությունը Ջավախքի բնակիչների մոտ հպարտության զգացողություն առաջացրեց իրենց երկրի համար, որովհետև երկիրը կարողանում էր պայքարել համաճարակի դեմ:

Բոլորը՝ տանը, փողոցում, ընկերական շրջապատում քննարկում էին, թե ինչպես է Վրաստանը հեշտությամբ կառավարումը վիրուսի տարածումը՝ պնդելով, որ Հայաստանը մեզանից սովորելու բան ունի: Բայց այդ զգացողությունը երկար չտևեց, 2020 թվականի աշունը հատկապես ծանր իրավիճակ էր Ախալքալաքում: Ամառային հանգստի ավարտին մեզանում ի հայտ եկան առաջին վարակակիրները, իսկ նոյեմբեր ամսին Ախալքալաքում իրավիճակն այնքան էր բարդացել, որ վարակի տարածումը բժիշկների վերահսկողությունից դուրս էր եկել: Կորոնավիրուսով էր վարակված ամեն 5-րդ բնակիչը:

Այսօր իրավիճակը կրկին բարդ է: Օգոստոսին երկիրն ապրեց կորոնավիրուսի չորրորդ ալիքը, որի ընթացքում վարակի մակարդակը հասավ օրական 7000 նոր դեպքի: Սակայն բնակչությունը չի հասցրեց հանգստանալ: Ընտրությունների ժամանակ համաճարակաբաններն ասացին, որ ալիքը նահանջում է, և ինչ-որ կերպ ավելի հեշտ է դառնում շնչելը: Բայց երկու շաբաթ չանցած՝ ցուցանիշները նորից կտրուկ բարձրացան, և օրական ավելի քան 5000 վարակման նոր դեպք է գրանցվում:

Ախալքալաքի բազմամարդ փողոցները

Առհասարակ Ախալքալաքում օրն սկսվում ու վերջանում էր առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 9-ը:
Կարանտինը, «պարետային ժամը» ու մարդկանց չվարակվելու ձգտումը բերեց նրան, որ մեծամասնությունը հարմարվեց միմյանց հետ նվազագույնս առնչվելուն: Արդյունքում մարդկանց մոտ առաջացավ պարզապես փողոց դուրս գալու մեծ ցանկություն: Ախալքալաքի փողոցները նախկինի հետ համեմատ դարձան ավելի աշխույժ ու մարդաշատ: Ավանդույթ դարձավ հեծանիվով քաղաքում շրջել, առհասարակ քաղաքի փողոցներում ման գալ:

Արդեն երկրորդ տարին է, ինչ համաճարակը փոխում է աշխարհը ինչ-որ տեղ հստակ, ինչ-որ տեղ ոչ այնքան: Վրաստանում ևս մարդիկ փոխվել են: Ջավախքում կորոնավիրուսը կարողացավ փոխել այն, ինչ նախկինում անհնար էր թվում, ինչ-որ բան դեպի լավը, ավելի վատը, ընդմիշտ, իսկ ինչ-որ բան ժամանակավորապես: