Վրաստանում, կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման շրջանակներում, կստեղծվի ինտերնետ-պորտալ, որը կօգնի որոշել, թե որ պատվաստանյութն ունի պահանջարկ երկրում քաղաքացիների շրջանում:
Այս մասին այսօր պատվաստման առնչությամբ խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ նրա, ինտերնետ-պորտալում Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են պատվաստվել, կկարողանան նախապես գրանցվել: Նրանք կկարողանան ընտրել բոլոր պատվաստանյութերը, որոնք առաջիկայում հասանելի կլինեն Վրաստանում, և որոնք այժմ լայնորեն գործածվում են ամբողջ աշխարհում:
«Մենք գտնում ենք, որ այս ուսումնասիրությունը կօգնի մեզ կարևոր ռազմավարական որոշում կայացնել և կդառնա կարևոր գործիք` որոշում կայացնելու համար, թե որ պատվաստանյութերը ներմուծել երկիր», – պարզաբանել է Տիկարաձեն:
Վեբ-պորտալի հասցեն կհրապարակվի Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Վրաստանում քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք նույնպես կկարողանան միանալ պատվաստման ծրագրին։
Ըստ Տիկարաձեի, երկրում կստեղծվի բարձր ռիսկային խմբերին պատկանող անձանց ցուցակ: Ցանկը կտեղադրվի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի պորտալում: Սա կօգնի գրանցման ծրագրին նույնականացնել ռիսկ խմբին պատկանող մարդկանց և նրանց հնարավորություն կտա պատվաստվել մյուսներից ավելի շուտ:
Առողջապահության նախարարը վրդովմունքն է հայտնել, որ Վրաստանում դիմակներ կրելու մակարդակը նվազել է, սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, իսկ ռեստորաններում էլ հանձնարարականները չեն պահպանվում:
«Առողջապահության նախարարության և համաճարակաբանների նպատակը իրականում կանոնների անընդհատ խստացումը և լոքդաունը չէ: Այնուամենայնիվ, կարևոր է, որ մեր քաղաքացիները ցուցաբերեն պատասխանունակություն, բարձր սոցիալական պատասխանատվություն և հետևեն բոլոր այն կանոններին, որոնք երկիրը կփրկեն լոքդաունից», – նշել է Տիկարաձեն:
Համատեքստը
Վրաստանում համաճարակային իրավիճակն ավելի է վատացել, մասնագետները սկսել են խոսել կորոնավիրուսի համաճարակի բռնկման երրորդ ալիքի մասին: Այսօր հայտնաբերվել է վարակի 687 նոր դեպք, իսկ նախօրեին՝ 897:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում արձանագրվել է վարակի ավելի քան 285 հազար դեպք, որից ապաքինվել է ավելի քան 275 հազարը, մահացել՝ 3 840-ը:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Առաջին փուլում պատվաստում էին ամենառիսկային խմբին պատկանող անձանց՝ բժիշկներին, սակայն ցածր ակտիվության պատճառով պատվաստման ծրագիրն ընդլայնվել է և բժիշկներին ավելացվել են 65 տարեկանից բարձր անձինք, ապա նաև՝ 55 տարեկանից բարձր մարդիկ, ինչպես նաև դիալիզի ենթակա կամ օրգանների փոխպատվաստմամբ հիվանդները։ Շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերության կողմից արտադրված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան էր ժամանել մարտի 13-ին, իսկ Pfizer-ը` մարտի 30-ին:
Ապրիլի 7-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 14 207 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 1 363 հոգի։ Ներկայումս Վրաստանում հասանելի են AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը: Վրաստանն արդեն ստացել է հարյուր հազար դեղաչափ չինական պատվաստանյութ, այնուամենայնվ, դեռ հայտնի չէ, թե երբ է երկիրը սկսելու օգտագործել այն: