Վրաստանում տոնական օրերին պայթուցիկներից և հրավառություններից 81 մարդ է տուժել, որից մի դեպքն արձանագրվել է Ախալքալաքում:
Ամանորյա պայթուցիկներից տուժածներից 51-ը հոսպիտալացվել է։ 48 անձ բժշկի է դիմել Թբիլիսիում, իսկ մնացածները՝ շրջաններում։
Պայթուցիկներից հիմնականում տուժել են դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին։
Ընդհանուր առմամբ, Ամանորի նախաշեմին և հունվարի 1-ին «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոնը ստացել է 124 զանգ` պայթուցիկի կիրառման հետ կապված միջադեպերի պատճառով։
Ախալքալաքի շրջանային հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքերով, Ախալքալաքում դեկտեմբերի 31-ի գիշերը գրանցվել է մեկ դեպք:
«Ունեցել ենք մի դեպք, վնասվածքը թեթև էր, ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տուժողը հենց նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Ալեքսան Թորոյանը: