Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, այս փուլում երկրում համաճարակային իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության ոլորտը կարողանում է կառավարել այս իրավիճակը:
Հենց այդ պատճառով, ըստ Գամկրելիձեի, այս փուլում չի դիտարկվում սահմանափակումների խստացում, բայց շատ կարևոր է խստացնել վերահսկողությունը երկրում կարգավորումների կատարման գծով:
«Համաճարակը հսկայական տնտեսական վնաս է հասցրել ամբողջ աշխարհում: Հասկանալի է, որ հարուստ երկրները կարողանում են հաղթահարել, իսկ մեզ համար դա բարդ է: Մենք քայլում ենք դանակի սրածայր եզրով: Մենք չպետք է ամբողջությամբ փակենք տնտեսությունը, ինչպես արեցինք դա նախորդ տարի, երբ գարնանը լավ կառավարեցինք համաճարակաբանական իրավիճակը, մյուս կողմից՝ մենք պետք է արագացնենք պատվաստման տեմպերը: Հետևաբար, այս փուլում դեռ խոսք չի գնում լրացուցիչ սահմանափակումների կիրառման մասին», – ասել է Գամկղրելիձեն:
Միևնույն ժամանակ, Ամիրան Գամկղրելիձեն մեկ անգամ ևս կոչ է արել բնակչությանը կատարել անհրաժեշտ առաջարկությունները և խուսափել բազմամարդ կուտակումներից:
«Միակ բանը, ինչը կարևոր է, կիրառված սահմանափակումներին առավելագույնս հետևելն է ու ինքնագիտակցությունը: Հարկ չէ 200 հոգանոց խնջույքներ անցկացնել: Դրանից շատ բան է սկսվում: Առողջապահության ոլորտն այսօր փորձում է կառավարել նոր դեպքերը: Մենք չենք ցանկանում երկու-երեք-չորս հազար դեպքի հասնել, ուստի մենք խնդրում ենք բոլորին հետևել հանձնարարականներին», – հայտարարել է Ամիրան Գամկղրելիձեն: