Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու որոշ դժվարանցանելի հատվածներ վրա հավասարեցրել է: Ճանապարհի այդ հատվածը վերանորոգում է ՍՊԸ «Ճանապարհաշինության №1 վարչություն»-ը, իսկ ամբողջ տարածաշրջանի մայրուղիները սպասարկում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը:
Երեկ՝ մարտի 29-ին, JNEWS–ը հերթական հոդվածն էր հրապարակել՝ ներքաղաքային ճանապարհների անմխիթար վիճակի մասին: Քաղաքապետը JNEWS-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք պատրաստվում են նախ ժամանակավորապես լուծել անհարթ ճանապարհների խնդիրը` հավասարեցնելով դրանք, իսկ ժամանակ շահելու համար նրանք պատրաստվում են Ճանապարհային վարչությանը խնդրել, որպեսզի Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը վերսկսվի ոչ թե քաղաքի ծայրամասերից, այլ հենց քաղաքից: Այնպես որ, որքան հնարավոր է շուտ շտկվի քաղաքի փողոցների անմխիթար վիճակը:
Այսօր քաղաքապետարանը դիմել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնին, որպեսզի կենտրոնը զբաղվի քաղաքի ամենախնդրահարույց վայրերում փողոցների հարթեցմամբ: Սպասարկման կենտրոնն ուղեհարթիչ մեքենայով հարթեցրել է Դարբինյան-Թավիսուփլեբա (Ազատություն) խաչմերուկը, որը տեղացիների շրջանում հայտնի է որպես «հանդիպում», ինչպես նաև խորը փոսերը քաղաքի մուտքի մոտի ոլորաններում: Հարթեցման աշխատանքներին միացել է նաև «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, որը սպասարկում է Սամցխե-Ջավախքի բոլոր մայրուղիները: