Ախալքալաքում այսօր` մայիսի 19-ին, հարգեցին ու ոգեկոչեցին Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը:

Այս օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ․ Հմայակյանը Սուրբ Խաչ եկեղեցու տեղադրված խաչքարի մոտ կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների։

Ախալքալաքում հույները, հայերն ու վրացիները ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև ներկաները եկեղեցում մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին առ Աստված։

20-րդ դարում հույները մեծամասնություն էին կազմում Փոքր Ասիայի հյուսիսում (Պոնտոսում) և արևմուտքում (Անատոլիա), ինչպես նաև Կապադովկիայի որոշ գավառներում: Ինչպես և հայերը, հույներն այդ տարածքների բնիկ ժողովուրդն էին ու չէին ցանկանում ենթարկվել մահմեդականացմանն ու թրքացմանը: Թուրքական կառավարությունը վախենում էր, որ Անատոլիան ու Պոնտոսը կարող են դուրս գալ Թուրքիայի իշխանության տակից, ինչպես դա արդեն տեղի էր ունեցել Հունաստանի, Սերբիայի ու Բուլղարիայի պարագայում, և հետո թուրքահպատակ հույների, հատկապես պոնտոսցիների թվում մեծ տոկոս էին կազմում բարձրագույն կրթությամբ մտավորականներն ու հաջողակ ձեռներեցները, որոնք բարձր դիրք էին զբաղեցնում և զգալի ազդեցություն ունեին թուրքական տնտեսության վրա:

Ուստի Թուրքիան «վճռական միջոցների» դիմեց արմատախիլ անելու համար հունական տարրը, ինչն էլ ի կատար ածվեց 1908 թվականից հետո, երբ իշխանության եկավ երիտթուրքերի կուսակցությունը, որը հռչակեց «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսը: 1911 թվականի սեպտեմբերին բացահայտ քննարկվեց Թուրքիայի ազգային, հատկապես քրիստոնյա, փոքրամասնությունների բնաջնջման հարցը, ինչն առաջին հերթին վերաբերում էր հույներին ու հայերին:

Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով 350.000-ից 1,2 միլիոնի է հասնում:

1994 թվականի փետրվարի 24-ին հունական խորհրդարանի միաձայն որոշմամբ մայիսի 19-ը սահմանվեց որպես Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և ամերիկյան մի քանի նահանգի կողմից: