Կումուրդո և Կիրովական (Զրես) գյուղերի բնակիչներն ահազանգում են, միջատները փաստացի ամայացրել են անտառային գոտին, որը գտնվում է վերը նշված գյուղերի միջև։
Երբեմնի կանաչ, փարթամ անտառային շերտը կարծես այրված լինի։ Ամեն մի ծառի վրա տասնյակ թրթուրներ են շտապում վերև, որոնք ուտում են սոճու փշերը։
Կումուրդո գյուղի պատգամավոր Արամայիս Զաքարյանի խոսքով՝ խնդրի մասին արդեն իսկ ծանուցվել են համապատասխան գերատեսչությունները, և մտահոգ բնակիչները սպասում են վնասատուների դեմ պայքարի քայլերին։ Ազգային անտառային գործակալության աշխատակիցներն օրերս տեղում ուսումնասիրել են իրավիճակը և խոստացել հաջորդ շաբաթ վերադառնալ՝ խնդիրը լուծելու համար։
«Սա լուրջ խնդիր է, անտառն արդեն չկա: Մենք պատկան մարմիններին տեղյակ ենք պահել, քաղաքապետարանը զբաղվում է այս գործով, հավանաբար հաջորդ շաբաթ անտառը դեղորայքով կփոշոտեն: Անալիզներ են վերցվել, հայտնի է՝ կոնկրետ ինչով են վերացնելու միջատներին: Այս միջատները ծառերը չորացրել են, մասնավորապես սոճիները, նրանք ոչնչացնում են եղևնիները: Այս անտառում կան նաև վայրի տանձ, խնձորենիներ, բայց միջատները չեն դիպչում այս ծառերին: Սոճիների վրա տերևներ չկան: Մենք չգիտենք, թե ինչ միջատներ են դրանք»,- ասում է Սակրեբուլոյի պատգամավոր Արամայիս Զաքարյանը։
Բնակիչների խոսքով, վնասատուների մասին իրենք կռահել են մոտ 15-20 օր առաջ, սակայն, թե որքան է տևում անտառի ոչնչացումը, հայտնի չէ։
Դժվար է հստակ որոշել, թե ինչպիսի միջատ է ոչնչացնում անտառային գոտին։ Այն թրթուրները, որոնք Jnews-ը տեսել և ֆիքսել է ծառերի վրա, նման են սոճու սղոցողների, շերամի որդի, երկրաչափների, բվիկների կամ սոճու իլիկաթիթեռի, որոնց թրթուրները ոչնչացնում են ծառերի փշուտները՝ ուտելով դրանք, դրանով իսկ պատճառելով անդառնալի վնաս։
Հարցերի վերաբերյալ, թե ինչ միջատների մասին է խոսքը, և ինչ են պատրաստվում անել պատկան մարմինները մնացած ծառերն ու անտառները փրկելու համար, Jnews-ը կհաղորդի իր հաջորդ նյութերում։