Ախալքալաքի ՎՀՕՄ-ի վարչության գրասենյակում տեղի ունեցավ «Ջավախքի կանանց հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Օրակարգում Ջավախքի կանանց առջև ծառացած խնդիրներն էին:
Հայ կնոջ մոտ սովորական երևույթ է իր ուսերին կրել ամբողջ ընտանիքի բեռը: Արդյունքում կինը կանգնում է բազում առողջական, կրթական սոցիալական խնդիրների առջև: Ջավախքում ապրող հայ կինը լուռ համբերությամբ անում է ամեն ինչ հանուն իր ընտանիքի բարօրության:
Անահիտը 11 տարի է ամուսնացած է: Ապրում է Ախալքալաքի գյուղերից մեկում: Նրա ամուսինն ամեն տարի խոպան (արտագնա աշխատանքի) է գնում Ռուսաստան, որպեսզի կարողանա ընտանիքի ֆինանսական խնդիրները լուծի:
«Ուզեմ-չուզեմ պարտավոր եմ ամեն ինչ անել: Կով պահում եմ, կարտոֆիլ ցանում եմ, երեխաներով զբաղվում: Տարին 6-8 ամիս տան տղամարդն էլ, կինն էլ, ես եմ: Շատ դժվար է, առողջ տեղ չունեմ, բայց ուրիշ տարբերակ էլ չկա»,- ասաց Անահիտը, չցանկանալով նշել ազգանունն ու բնակության վայրը:
Ախալքալաքի ՎՀՕՄ-ի վարչությունը կազմակերպել էր կլոր սեղան՝ «Ջավախքի կանանց հիմնախնդիրները» թեմայով, որին մասնակցում էին մանկավարժներ, բժիշկներ, տնային տնտեսուհիներ և այլք: Օրակարգը վեց կետից էր բաղկացած.
1. Կինն ընտանիքում սոցիալական հարցերի համակարգողն ու պատասխանատուն է:
2. Կին մտավորականի այսօրվա պահանջները:
3. Չնաշխատող կնոջ առօրյան:
4. Կինը մայր է, ով պատասխանատու է երեխայի դաստարակության համար:
5. Անկախ կրթությունից, աշխատանքի բնույթից, զբաղվածությունից, հայ կինը պարտավոր է սերտել իր նախնիների անցած ուղին, այն պահպանել և փոխանցել սերունդներին
6. Երիտասարդ մայր-երեխա՝ հանգստի ժամերի և զբոսանքի ճիշտ կազմակերպում:
Նախքան վերոնշյալ կետերի քննարկումն սկսելը հավաքված կանայք իրենց զորակցությունը հայտնեցին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին և Արցախի ժողովրդին:
Այնուհետև բուռն և երկարատև քննարկումների արդյունքում կլոր սեղանի մասնակիցները եկան այն եզրահանգմանը, որ Ջավախքում հայ կնոջ առջև ծառացած են բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներ: Որոնցից ամենակարևորն այսօր ոչ միայն հայկական ավանդույթների և հայոց լեզվի պահպանումն է, այլև փոխանցումն ու տարածումը:
«Սիրող կին ու ընտանիքի հոգատար մայր լինելուց զատ, Ջավախքում հայ կինն ավելի գլոբալ խնդիր ունի լուծելու: Հետևաբար մարտահրավերները ևս գլոբալ են: Առաջնահերթն ավանդույթների և լեզվի պահպանումն է»,- իր խոսքում նշեց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:
Կանանց հիմնախնդիրներն ամբողջ աշխարհում որքան նույնն են ու ընդհանուր, նույնքան էլ տարբեր՝ հաշվի առնելով ազգային, կրոնական և մի շարք այլ հատկանիշներ: Ջավախքում ապրող հայ կնոջ խնդիրները ևս տարբեր են աշխարհասփյուռ հայ կանանց հիմնախնդիրներից:
Ջավախքում կինն ավելին է, քան պարզապես ընտանիքի մայր:
Աղունիկ Այվազյան