«Ուրախ եմ պատիվ ունենալ այսօր Անկարայում հյուրընկալել պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա ուղեկցող պատվիրակությանը: Պարոն վարչապետն արդեն եղել է Թուրքիայում՝ որպես ներքին գործերի նախարար և պաշտպանության նախարար, և նա ղեկավար է, որը լավ գիտի մեր երկիրը», – Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով, այս տարին կարևոր է նաև այն իմաստով, որ Անկարայում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը բացվել է 100 տարի առաջ և նաև Վրաստանի անկախության 30-ամյակն է:
«Վարչապետի հետ մենք դեմ առ դեմ քննարկեցինք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, այնուհետև հանդիպումներ անցկացվեցին մեր պատվիրակությունների միջև: Թուրքիան արդեն 14 տարի հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը: Չնայած առևտրի ծավալի փոքր անկում տեղի ունեցավ 2020 թվականին, մենք նպատակ ունենք հնարավորինս սեղմ ժամկետում առևտրի ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի: Ընթանում են բանակցություններ և խորհրդատվություններ նաև ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մենք քրտնաջան աշխատում ենք մեր առևտրային ներուժն ավելացնելու և այս առումով մաքսային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում Վրաստանում կատարվել են թուրքական ներդրումներ, որոնց ծավալը կազմում է 214 միլիոն դոլլար: Մենք Վրաստանի հետ մեծ կարևոր նախագծեր ենք իրականացրել, որոնք ամբողջությամբ փոխում են տարածաշրջանի տեսքը: Նման ռազմավարական նախագիծը Հարավային գազի միջանցքն է, որի վրա մենք ստեղծել ենք այս հարթակը: Կապող մեխանիզմների և տարբեր համակցված միջանցքների միջոցով մենք նախաձեռնել ենք բազմակողմ համագործակցություն», – ասել է Էրդողանը: