Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ծառայությունը տեղական բյուջե է վերադարձրել գումարի կեսը, որը հատկացվել էր փառատոների, մարզական և մշակութային միջոցառումների, այդ թվում՝ Ախալքալաքի օրվա տոնակատարության համար:

Կորոնավիրուսի պատճառով ողջ Վրաստանում չեղյալ են հայտարարվել տարբեր զանգվածային, մարզական, մշակութային և սոցիալական միջոցառումներ: Չնայած սահմանափակումների մեծ մասի փուլ առ փուլ վերացմանը, տվյալ արգելքը մնում է ուժի մեջ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, նրանք հատկացված գումարի գրեթե կեսը վերադարձրել են բյուջե:

«Մենք վերադարձրել ենք ավելի քան 80 000 լարի: Դեռ բոլորը չենք վերադարձնի, երբ այս ամենն ավարտվի, հնարավոր է ինչ-որ բան կանցկացնենք, սակայն խոշոր միջոցառումների համար նախատեսված ֆինանսներն արդեն վերադարձրել ենք, քանի որ դրանք չեն կայանա», – ասում է Վալերի Ստելմաշովը:

Այս տարի չեղյալ են հայտարարվել հետևյալ տոները՝ Քաղաքի օրը, «Ջիվանու» տոնը, Սուլդա և Վարևան գյուղերում կատարվելիք միջոցառումները, «Տավշանկա» մանկական ամառային ճամբարը, երիտասարդական միջոցառումները և մարզական մրցումները: Չեղարկվել են 12 ձևի մարզական մրցումներ:

Քաղաքի օրը տոնելու համար հատկացվել է 25 000 լարի, 30 000 լարի` «Տավշանկա» ամառային ճամբարի կազմակերպման համար, 25 000 լարի փառատոների համար` գեղարվեստական խմբերի մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, տեղական բյուջեն 2020 թվականին մարզական և երիտասարդական ծրագրերի համար հատկացրել է 108 000 լարի, իսկ մշակութային միջոցառումների համար` 70 000 լարի:

Jnews- ը կտեղեկացնի, ինչի համար են ծախսվելու «խնայված» գումարները: